Զելենսկին հերքել է Ուկրաինայում նախագահական ընտրություններ ու հանրաքվե անցկացնելու մասին լուրերը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է Financial Times-ի հրապարակումը երկրում նախագահի ընտրություն և հանրաքվե հայտարարելու ծրագրերի մասին: Ինչպես հաղորդում է Euronews-ը, Զելենսկին լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինան ընտրություններ կանցկացնի միայն անվտանգության երաշխիքներ ունենալուց և Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի կնքումից հետո։
Ընտրություններն Ուկրաինայում փաստացի կասեցվել են Ռուսաստանի 2022 թվականի հարձակումից ի վեր՝ ռազմական դրություն մտցնելու պատճառով։ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ երկրում ռազմական դրության ժամանակ ազգային ընտրությունների անցկացումն անօրինական է։
«Մենք կանցնենք ընտրություններին, երբ ապահովվեն անհրաժեշտ բոլոր անվտանգային երաշխիքները», – ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ ընտրությունը, ինչպես նաև հանրաքվեն հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հաստատվի հրադադար։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ եթե Ռուսաստանը նույնպես համաձայնվի, ապա կա հավանականություն, որ «հնարավոր լինի դադարեցնել ռազմական գործողությունները մինչև ամառ»։
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով չի պատրաստվում մեկնել Մոսկվա, փոխարենը պատրաստ է ընդունել ԱՄՆ առաջարկներն ու հանդիպել նրան ցանկացած այլ՝ չեզոք երկրում։
Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ վարչակազմի ճնշման տակ Ուկրաինան սկսել է նախագահական ընտրությունների և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեի պլանավորումը մինչև այս տարվա մայիսի 15-ը։
Ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաները, որոնք զրուցել են FT-ի լրագրողների հետ, և որոնց անունները չեն նշվում, հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է նախագահական ընտրությունների և հանրաքվեի պլանների մասին հայտարարել փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալման չորրորդ տարելիցին։
Աղբյուր՝ AntiFake.am