Բեռնում...
2025-11-26 15:14:41

Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և AntiFake.am-ի նկատմամբ հետապնդման և տեռորի մասին

AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն այսօր ԱԺ-ում քաղբանտարկյալների թեմայով լսումների ժամանակ ելույթով հանդես եկավ, որում ասվում էր․ 

«Հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ հայրենակիցներ,

 

Ես Աստղիկ Մաթևոսյանն եմ, AntiFake.am կայքի գլխավոր խմբագիրը։

 

Այսօր այստեղ եմ ներկայացնելու ոչ միայն մեր խմբագրության, այլև Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների թիրախ դարձած երկու քաղբանտարկյալների՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի իրավունքների կոպիտ խախտման փաստերը։

 

Վերջին տարիներին և հատկապես վերջին ամսիներին, Հայաստանում քաղաքական հետապնդումները նոր մակարդակի են հասել՝ իրենց ծավալներով և բնույթով չզիջելով նույնիսկ բռնապետական Ադրբեջանին։ Ես և մեր թիմի անդամներն այս ամենը զգում ենք մեր մաշկի վրա։

 

Նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ մեդիայի դեմ հերթական խայտառակ արշավը։ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված ներկայացուցիչները նույն ժամերին ներխուժեցին AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ։ Եվ նրանց առանց որևէ դիմադրության ձերբակալեցին ու տարան։

 

Նույն գործողության ընթացքում իրականացվեց խուզարկություն նաև AntiFake.am-ի խմբագրությունում, ինչի արդյունքում առգրավվեց լրատվականի ողջ տեխնիկան՝

բոլոր համակարգիչները,

բոլոր տեսախցիկները, տեսանկարահանող դրոնները,

բոլոր միկրոֆոնները,

— բոլոր շտատիվները,

— ուղիղ եթերի, ձայնի և աշխատանքի համար անհրաժեշտ ամբողջ տեխնիկան,

— և անգամ խմբագրության անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրիչը։

 

Այս գործողությունները որևէ կերպ հնարավոր չէ կապել շինծու քրեական գործի քննության հետ։ Այդ սարքավորումներում՝ առանց կրիչի տեսախցիկներում, միկրոֆոններում, շտատիվներում, ոչ մի կերպ չէր կարող լինել այնպիսի տեղեկատվություն, որը վերաբերում է քննվող գործին։

 

Միակ նպատակը լրատվամիջոցի գործունեությունը խափանելն էր։

 

A1+-ին լիցենզիայից զրկելու մասին կոկորդ պատռող ռեժիմի պարագլուխը երեսպաշտության հերթական գերդոզավորումն ապահովեց՝ փաստացի դադարեցնելով մեր մեդիայի գործունեությունը։ Լրատվականի տեխնիկան շինծու քրեական գործի հարուցումից կես ամիս անց, դեռ չի վերադարձվել։

 

Այսքանով շինծու քրեական գործի շրջանակներում իրավապահների ապօրինությունները չավարտվեցին։ Լրատվականում խուզարկության ավարտից հետո ոլորեցին մեր լրագրողներից Դավիթ Ֆիդանյանի ձեռքերը, և բացարձակ անհիմն ձերբակալեցին երեք օր ժամկետով, իսկ հաջորդ օրը մի քանի ժամով ձերբակալեցին նաև մեր օպերատոր Իշխան Խոսրովյանին։

 

Իսկ մեր լրատվականի երկու առանցքային ներկայացուցիչներին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, որոնք հեղինակել և վարում են հանրաճանաչ «Իմնեմնիմի» փոդքասթը, կալանավորվեցին երկու ամիս ժամկետով, այն էլ՝ նույն հոդվածով, որով 2024 թվականին արդեն հետապնդվել էին և լիովին արդարացվել առաջին ատյանի դատարանի կողմից։

 

Այս հետապնդումների շղթան վերսկսվեց վերևի ամբիոնում սովորաբար նստող անձնավորության սադրանքին շա՜տ մեղմ արձագանքելու համար։ Ի դեպ, տվյալ անձնավորությունը ոչ միայն Նարեկին ու Վազգենին ուղիղ կալանավորելու ցուցում է տվել, այլև դրանից հետո նույն արտահայտությունների համար քաղաքացիական հայց է ներկայացրել վերջիններիս դեմ։

 

Ի՞նչ է սա, եթե ոչ տեռոր ԶԼՄ-ի նկատմամբ։

 

Այսօր Հայաստանի Հանրապետությունում

  • ակտիվիստներ
  • համայնքապետեր
  • հոգևորականներ

և, այո՛, լրագրողներ են կալանավորվում իրենց հրապարակային դիրքորոշումների և քաղաքական հայացքների համար։

 

Այս ամենը տեղի է ունենում 2025 թվականին՝ 21-րդ դարում, բոլոր այն կառույցների լուռ ներկայությամբ, որոնք տարիներ շարունակ խոսում էին ժողովրդավարության, խոսքի ազատության մասին։

 

Վերջին 8 տարիներին քաղաքական կառավարման համակարգը խուլիգանախմբի վերածած կակիստոկրատական խմբակն ազատ խոսքը դարձրել է խուլիգանության, սահմանադրական կարգը տապալելու, ատելություն տարածելու հանցակազմի մաս։ Այնինչ, այս երկրի թե՛ թիվ մեկ ատելություն քարոզողը, թե՛ թիվ մեկ խուլիգանախումբը, թե՛ սահմանադրական կարգը տապալողը իրենք են՝ իրենց քաղաքական խմբակով։

 

Այս ամենը և շուրջ 60 քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանի Հանրապետության մեծագույն ամոթն է և վաղ թե ուշ այս քաղաքական ամենաթողության հեղինակները և այս շղթայի բոլոր օղակները կանգնելու են արդարադատության առաջ, իսկ իրենց լռությամբ սրանց հովանավորող «ժողովրդավարները» ծպտուն հանելու իրավունք չեն ունենալու։

 

Հարգելի՛ ներկաներ,

 

Ցավալի է ասել, բայց այսօր հենց ընդդիմադիր հանրույթն ու անկախ ԶԼՄ-ներն են ստանձնել արևմտյան ժողովրդավարական արժեքները հենց արևմտյան դեսպանատներից պաշտպանողի դերը։

 

Եվ մենք մեր թիմով անելու ենք ամեն ինչ, որ ոչ մի միջազգային կառույց կամ դեսպանատուն վաղը չկարողանա ասել՝

«Մենք տեղյակ չէինք»։

 

Շնորհակալություն։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։