Իմ նամակը զուտ պատմության համար է. չեմ հավատում, որ կարձագանքեն. Լուսինե Առաքելյան
«ԵՄ կառույցների լռությամբ և հովանավորչությամբ այսօր Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ։ Լռեցնում են ընդդիմադիր գործիչներին»,-ԵՄ պատվիրակության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, կալանավորված Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը։
Նա նշեց, շատ քիչ ակնկալիք ունի, որ ԵՄ պատվիրակությունից կարձագանքնեն ԵՄ դեսպանին ուղղված իր հրապարակային նամակին։
«Իմ նամակը եղել է զուտ պատմության համար, որ ֆիքսվի, թե ինչ է կատարվել, ու իրենք ինչպիսի լռությամբ են այդ ամենը հանդուրժել։ Եթե մենք ասում ենք, որ ԵՄ-ն պայքարում է ազատ խոսքի, ժողովրդավարական արժեքների համար, բա Հայաստանում իրենք չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում, չե՞ն տեսնում, թե Փաշինյանի իշխանությունն ինչ բացահայտ տրանսֆորմացիա է ունենում, արդեն ոչնչից չեն վախենում, ոչ մի արժեք, ոչ մի սրբություն չունեն ու շարունակում են իրենց գործը, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ, ո՞վ է ասել, որ իրենք բռնապետ են, մարդու իրավունքներ են ոտնահարում»,-ասաց Լ. Առաքելյանը։
Հիշեցնենք, որ Սամսոնյանի կինն ավելի վաղ հրապարակային կերպով երկու նամակ է հասցեագրել Հայաստանում ԱՄՆ ու ԵՄ դեսպաններին։ Այսօր նա եկել է ԵՄ պատվիրակության շենքի դիմաց նամակն առձեռն հանձնելու։
«Ես շարունակելու եմ խոսել, քանի որ տեսնում ենք, որ լռությունն ընկալվում է որպես համակերպվելու ցուցիչ։ Ես կոչ եմ արել նաև մյուս հետապնդվողների ընտանիքներին, որ նրանք էլ խոսեն, որ մարդիկ իմանան, թե ինչ ծիծաղելի գործերով են մարդիկ լռեցվում, հայտնվում բանտերում»,-ասաց Սամսոնյանի կինը։