Բեռնում...
2,9 միլիոն բնակչություն և շուրջ 2,3 միլիոն ընտրող ունեցող Հայաստանում գործում է 129 կուսակցություն. «Ժողովուրդ»
17-06-2026 10:23 | Մամուլի տեսություն

2,9 միլիոն բնակչություն և շուրջ 2,3 միլիոն ընտրող ունեցող Հայաստանում գործում է 129 կուսակցություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանում քաղաքական կուսակցությունների թիվը շարունակում է աճել։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից ստացված տեղեկանքի համաձայն, 2026 թվականի հունիսի 9-ի դրությամբ Հայաստանում պետական գրանցում ունի 129 քաղաքական կուսակցություն։

Թիվը տպավորիչ է նույնիսկ միջազգային չափանիշներով։ Մոտ 2,9 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում ընտրողների թիվը շուրջ 2,3 միլիոն է, սակայն այդ համեմատաբար փոքր քաղաքական դաշտում գործում է 129 կուսակցություն։ Սա նշանակում է, որ միջին հաշվարկով յուրաքանչյուր 18-20 հազար բնակչին բաժին է ընկնում մեկ քաղաքական կուսակցություն։

Առաջին հայացքից սա կարող է վկայել քաղաքական բազմակարծության ու ժողովրդավարության բարձր մակարդակի մասին։ Սակայն իրականությունը բոլորովին այլ պատկեր է ցույց տալիս։

Գրանցված 129 կուսակցություններից հանրության զգալի մասը չի կարող հիշել անգամ տասը կուսակցության անուն։ Դրանցից շատերը տարիներ շարունակ չեն մասնակցում ընտրությունների, չունեն քաղաքական գործունեություն, գրեթե չեն երևում հանրային կյանքում և հիշվում են միայն պաշտոնական ցուցակներում։

Ավելին, յուրաքանչյուր ընտրությունից առաջ քաղաքական դաշտում սկսվում է նոր կուսակցությունների ստեղծման հերթական ալիքը։ Հաճախ դրանք ձևավորվում են մեկ անձի շուրջ, չունեն գաղափարախոսական հստակ հենք, կազմակերպական կայուն կառուցվածք կամ երկարաժամկետ քաղաքական ծրագիր։ Ընտրությունների ավարտից հետո նման կառույցների մեծ մասը կրկին անհետանում է քաղաքական օրակարգից։

Ստացված պատկերն ուշագրավ հակասություն է ստեղծում. Հայաստանի Հանրապետությունում գործում է 129 կուսակցություն, սակայն իրական քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունեցող ուժերի թիվը փաստացի մի քանի միավոր է։ Ազգային ժողովում ներկայացված են ընդամենը 3ուժեր և այդքան էլ ապագայում կլինի, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններում մրցակցային պայքարը հիմնականում ծավալվում է նույն դերակատարների միջև։

Քաղաքագետները բազմիցս արձանագրել են, որ կուսակցությունների քանակի աճը դեռևս չի նշանակում քաղաքական համակարգի զարգացում։ Երբ կուսակցությունները ստեղծվում են ոչ թե գաղափարական հենքի, այլ իրավիճակային կամ անձնակենտրոն նպատակների համար, բազմակուսակցականությունը վերածվում է վիճակագրության։

Հատկանշական է նաև, որ պաշտոնական ցանկում կարելի է հանդիպել տասնամյակներ առաջ ստեղծված կուսակցությունների, որոնց գործունեության մասին հանրությունը գրեթե ոչինչ չի լսում։ Միաժամանակ պարբերաբար գրանցվում են նոր քաղաքական միավորներ, որոնք համալրում են արդեն իսկ ուռճացած ցուցակը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։