Բեռնում...
Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ»
14-04-2026 12:11 | Մամուլի տեսություն

Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ, որով սահմանված է վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններով, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ինչպես նաև՝ վարորդական վկայական ստանալու գործընթացի պարզեցման և հստակեցման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, գործող կարգավորման մի շարք դրույթներում դեռևս օգտագործվում է «ոստիկանություն» ձևակերպումը, մինչդեռ պետական կառավարման համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքում ոստիկանությանը վերապահված մի շարք գործառույթներ փոխանցվել են ներքին գործերի նախարարությանը, այդ թվում՝ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ Բացի այդ, տեսական քննությունների կազմակերպման մասով գործող կարգավորմամբ հստակ սահմանված չէ, որ հարցաշարերը պետք է վերաբերեն բացառապես այն տրանսպորտային միջոցների կարգերին կամ ենթակարգերին, որոնց համար անձը հանձնում է քննությունը, ինչը գործնականում կարող է հանգեցնել ոչ նպատակային հարցերի ընդգրկմանը և գնահատման ոչ լիարժեք օբյեկտիվությանը։

Նախագծով առաջարկվում է նախ «ոստիկանություն» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարություն» բառերով՝ պայմանավորված պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններով, որոնց արդյունքում համապատասխան գործառույթները վերապահվել են ներքին գործերի նախարարությանը։ Որոշմամբ սահմանված N 1 հավելվածը լրացնել նոր 17.1-ին կետով, որով հստակ սահմանվում է, որ տեսական քննության թեստերում ընդգրկվում են բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերելի հարցեր, որոնց համար անձը հանձնում է քննությունը, ինչը կնպաստի քննության նպատակային բնույթի ապահովմանը։ Բացի այդ, առաջարկվում է տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը փոխարինել երկու տարի ժամկետով, ինչը միտված է քաղաքացիների համար գործնական քննությունների հանձնման ժամկետային պայմանների որոշակի մեղմացմանը և առավել ճկուն մոտեցման ապահովմանը։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է վարորդական վկայականի պահպանման ժամկետի հաշվարկման հիմքում դնել բացառապես տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկման ժամկետի լրանալու օրը՝ հանելով «օրենքով սահմանված կարգով կրճատվելու» ձևակերպումը՝ հաշվի առնելով վերջինիս օրենսդրական հիմքի բացակայությունը։

Ըստ նախագծի հիմնավորման, դրա ընդունումը կնպաստի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետության բարձրացմանը, քննությունների անցկացման պայմանների ավելի արդար ու ճկուն կազմակերպմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանը և իրավական հստակության ապահովմանը, ինչպես նաև իրավական ակտը կհամապատասխանեցվի պետական կառավարման համակարգի կառուցվածքին։