Բեռնում...
Ռուբեն Հայրապետյանի գործում «դատախազությունն անձնական շահ ունի»․ փաստաբան
14-04-2026 14:04 | Լուրեր

Ռուբեն Հայրապետյանի գործում «դատախազությունն անձնական շահ ունի»․ փաստաբան

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով քննությունը։ Ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման մասին ՍԴ որոշումից հետո, դատախազությունը այս գործով էլ հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության միջնորդություն էր ներկայացրել։ Նախորդ նիստում գործով դատախազը ներկայացրեց փոփոխությունները, որոնք արվել են Ռուբեն Հայրապետյանի հրապարակային հայտարարություններն ուսումնասիրելու արդյունքում։ Այսօրվա նիստում պաշտպանական կողմը բացարկ ներկայացրեց դատավոր Կարապետ Բադալյանին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների փաստաբանական խմբի անդամ Վահագն Դալլաքյանն այսօր՝ ապրիլի 14-ին, կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այստեղ գիտե՞ք ինչն է կարեւոր․ անցած անգամ, երբ մենք այդ բացարկը ներկայացրեցինք, դատավորն ի վերջո չասաց՝ ես ձեր բացարկը մերժում եմ, որովհետեւ ես անկողմնակալ եմ եւ կանխակալ վերաբերմունք չունեմ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։ Նման հավաստիացում մենք չլսեցինք դատավորից, այլ ընդամենն ասաց՝ դուք այդ բացարկը ներկայացնում եք գործը ձգձգելու համար, այդ հիմքով բացարկը մերժում եմ։ Բայց իրավունքի որեւէ չարաշահում մեր կողմից չկար»։

Հարցին՝ արդյո՞ք կա ակնկալիք, որ դատավորն այս դեպքում անաչառ կգտնվի, մանավանդ, որ նախկինում այդ պնդումը չի հավաստել, Վահագն Դալլաքյանը պատասխանեց՝ հույսերը քիչ են, բայց բոլոր դատավարական հնարավորություններն իրենք օգտագործելու են։ Եթե կրկին մերժում ստանան, հետագա բողոքարկումների համար, կարծում են, որ դա լուրջ հիմք կլինի։

Փաստաբան Արմինե Ավագյանն էլ հավելեց, որ գործին այս փուլից են միացել, քանի որ կարծում էին, թե ենթադրյալ ապօրինի գույքի օրենքի մասով ՍԴ որոշումից հետո, այս գործով դիրքորոշումն այլ կլինի եւ դատախազությունը ետ կվերցնի հայցադիմումը։ Բայց գործի հետագա ընթացքը ցույց տվեց, որ Ռուբեն Հայրապետյանի գործում «դատախազությունն անձնական շահ ունի»։ Փաստաբանը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական եղած շրջանում այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անձամբ էր այդ գործով շտկումներ եւ ուղղորդումներ անում։

Աղբյուր՝ AntiFake.am