Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ վերջինն էլ բախվել է քարերին և կողաշրջվել դաշտում․ 6 վիրավոր կա
Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 48 կմ հատվածում, Արտաշավանի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից նրանցից երկուսին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուր՝ Shamshyan.com