Իշխանությունները համատարած հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չնայած դեռ վիճարկման փուլում են, սակայն իշխանությունները համատարած հետընտրական հաշվեհարդար են սկսել։
ՏԻՄ ղեկավարներին հրահանգ է իջեցվել՝ հայտնաբերել և պատժել պետական կառույցների բոլոր այն աշխատակիցներին, ղեկավարներին, որոնք ընտրություններից առաջ իշխանության լոբբինգով չեն զբաղվել, իշխանության օգտին չեն աշխատել կամ քվեարկել։
Դիցուք, երեկ տեղեկացանք, որ «Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անի Պողիկյանին Արարատի համայնքապետարանից կանչել են ու պարտադրել, որ աշխատանքից ազատման դիմում գրի։ Բանն այն է, որ վերջինիս ամուսինը դաշնակցական է և ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է «Հայաստան» դաշինքին։ Մանկապարտեզի տնօրենն էլ, ըստ լուրերի, իշխանության համակիրը չէ և մասնավոր զրույցներում հայտնել է այդ մասին, ինչը հասել է համայնքային իշխանություններին, և որոշել են հաշվեհարդար տեսնել տնօրենի հետ։
Պողիկյանն աշխատանքից ազատման դիմումը դեռևս չի գրել, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ճնշումն այնքան մեծ է, որ չի կարող դիմադրել և առաջիկա օրերին, «սեփական» դիմումի համաձայն, կազատվի աշխատանքից։ Վերջին օրերին տարբեր համայնքների դպրոցների ուսուցչական կոլեկտիվներից են մեզ ահազանգում, որ իրենց ստիպում են ազատման դիմումներ գրել։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է ողջ պետական ապարատը և պետական հիմնարկները ՔՊ-ականացնել և չհանդուրժել անգամ մեկ քվեի այլակարծություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։