Բեռնում...
«Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն. ցանկացած մարդ կարող է ընկնել նիկոլական իշխանության «կատոկի» տակ». Կարեն Վրթանեսյան
25-04-2026 12:06 | Կարծիք

«Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն. ցանկացած մարդ կարող է ընկնել նիկոլական իշխանության «կատոկի» տակ». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը գրում է. «Հյուսիս–հարավ մայրուղու Աշտարակ–Գյումրի նորաբաց հատվածում առավելագույն թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է։ Իսկ երբ 2022 թվականի ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո խաչմերուկում Նիկոլի շարասյան ուղեկցող մեքենան հարվածեց ու սպանեց հետիոտնային անցումով կանաչ լույսի տակ անցնող 28-ամյա հղի կնոջը ու առանց կանգնելու գնաց, այդ մեքենայի արագությունը 108 կմ/ժ էր։

Ու թեպետ Սոնա Մնացականյանը որևէ սխալ կամ անթույլատրելի բան չէր արել, նիկոլական քարոզչամեքենան ամբողջ ուժով միանգամից սկսեց մեղադրել զոհին, թե «կարգավորող ոստիկանին չի լսել, կամակորություն է արել», «հատուկ է իրեն վարչապետի շարասյան տակ գցել, որովհետև ընդդիմադիր էր», և այլն, և այլն։

Այդ ստերի մի մասը, ցավոք, մարդկանց ուղեղներում դաջվել են. առ այսօր էլ զրույցներում լսում եմ, թե «Ախպեր, դե էդ աղջիկն էր մեղավոր, ոստիկանին չէր լսել»։

Սակայն 3+ տարի ընթացող դատական գործընթացում նման բան չի հաստատվել։ Փոխարենը հաստատվել է, որ շարասյունն ուղեկցող մեքենայի արագությունը 108 կմ/ժամ էր։ Բայց այդ մասին շատ քչերը գիտեն։

Ի դեպ, չնայած անցյալ տարի ամռանը դատարանը բազմաթիվ ձգձգումներից հետո մեղավոր ճանաչեց վարորդին ու դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման, բայց վարորդը դեռ ազատության մեջ է ու շարունակում է աշխատել համակարգում։ Որովհետև մինչև գործը մի հատ էլ վերաքննիչ դատարանն անցնի, հետո էլ գուցե վճռաբեկ գնա, վաղեմության ժամկետը կարող է անցնել ու մեղադրյալն այդպես էլ կմնա ազատության մեջ։

Իսկ շարասյան պատասխանատուներին (ովքեր նաև շարասյան արագությունը որոշողներն են) ընդհանրապես ոչ մի բան. չնայած տուժած կողմի բազմաթիվ բողոքներին ու դատարաններ դիմելուն, իրենց դեմ գործ չի հարուցվում։

Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն։ Այսօր ցանկացած մարդ (անկախ սեռից, տարիքից, քաղաքանությամբ զբաղվել-չզբաղվելուց) կարող է ընկնել նիկոլական իշխանության «կատոկի» տակ։

Մեզնից յուրաքանչյուրը կարող է կանաչ լույսի տակ «զեբրայով» անցնելիս ընկնել որևէ իշխանավորի խելակորույս արագությամբ ընթացող մեքենայի տակ, կարող է մտնել եկեղեցի պատարագի ու հայտնվել բանտում, կարող է երեխայի հետ նստել մետրո ու ենթարկվել Նիկոլի հարձակմանը և այլն, և այլն, և այլն։

Գրառումնս այն մասին է, որ մեզ հետ կատարվող շատ բաները հենց քաղաքական են, թեպետ շատերս չենք ուզում դա ընդունել։

Ի դեպ, շատերդ հավանաբար չգիտեք նաև այն, որ Սոնա Մնացականյանի միջադեպից հետո առանց ավելորդ աղմուկի օրենսդրական կարգավորումները փոխել են այնպես, որ հիմա իշխանական ավտոշարասյունները գործնականում կարող են ինչ արագությամբ որ ցանկանան, անպատիժ քշեն։

Հ.Գ. Կիրակի՝ ապրիլի 26-ին լրանում է Սոնայի և իր չծնված երեխայի մահվան 4 տարին։ Աստված հոգին լուսավորի»:

Աղբյուր՝ AntiFake.am