Բեռնում...
Հայոց Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից հանցագործության շարունակությունն է․ Մավրիդես
24-04-2026 12:46 | Մամուլի տեսություն

Հայոց Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից հանցագործության շարունակությունն է․ Մավրիդես

Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը չպետք է դիտարկվի միայն որպես պատմական հիշողության հարց, այլ որպես դաս հայ ժողովրդի և բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայի և ապագայի համար։

Եվրախորհրդարանի պատգամավորն այդ մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում։

«Եվրոպական խորհրդարանը բազմիցս կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մարդկության ամենասարսափելի վայրագություններից մեկը։ Իմ խորհրդարանական աշխատանքի և եվրոպական կառույցներում միջամտությունների միջոցով ես պաշտպանել և կշարունակեմ պաշտպանել պատմական ճշմարտությունը, զոհերի համար արդարադատությունը և հայ ժողովրդի պայքարը։ Թուրքիայում Հայոց ցեղասպանության շարունակական ինստիտուցիոնալ ժխտումը մարդկության դեմ իրականացրած հանցագործության շարունակությունն է և, միևնույն ժամանակ, պաշտոնական քաղաքականություն, որը հիմք է հանդիսանում նման հանցագործությունների կրկնության համար ապագայում»,- ասել է ԵԽ պատգամավորը։

Նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունն Ադրբեջանի կողմից, որը, ինչպես շեշտել է պատգամավորը, տեղի է ունեցել Թուրքիայի աջակցությամբ, իսկ դրան հաջորդել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականությունը։

«Այս պատճառներով Հայոց ցեղասպանությունը չպետք է դիտարկվի միայն որպես պատմական հիշողության հարց, այլ որպես դաս հայ ժողովրդի և բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայի և ապագայի համար։ Իրական առաջադրանքը ոչ միայն ցեղասպանությունը կամ նմանատիպ հանցագործությունները դատապարտելն է դրանց տեղի ունենալուց հետո, այլև վճռականորեն գործելը՝ նման հանցագործությունները կանխելու համար՝ նախքան դրանց կատարումը»,- նշել է Մավրիդեսը։

Աղբյուր՝ AntiFake.am