Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն․ վերջինը հայտնվել է մայթին՝ «Արտ Լանչ» սննդի կետի մուտքի մոտ
Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Տարածքը սահմանազատել են պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ հայտնում է, որ բախման հետևանքով «Hongqi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ «Արտ Լանչ» սննդի կետի մուտքի մոտ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորների մեջ կա նաև վրաերթի ենթարկված։
Աղբյուր՝ Shamshyan.com