Բեռնում...
Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. Ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին
29-04-2026 15:17 | Վերլուծություն

Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. Ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին

«Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց»։ Էլեոնորա Ռուզվելտի այս հայտնի ձևակերպումը լավագույնս նկարագրում է այն պատկերը, որն այսօր առկա է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և գործող իշխանության հարաբերություններում։ Մինչ Եկեղեցին խոսում է հազարամյա արժեքներից և ազգային ինքնությունից, պետական բարձրագույն ամբիոններից հնչում են անձնական վիրավորանքներ, պարզունակ ու կեղծ թեզեր ։

«Իրական» ընդդեմ «Պատմականի»

Վերջին շրջանի հակաեկեղեցական արշավի հիմքում ընկած է Փաշինյանի առաջ քաշած «Իրական Հայաստանի» հայեցակարգը։ Սա սոսկ քաղաքական լոզունգ չէ, այլ փորձ՝ հրաժարվելու այն ամենից, ինչը հայ մարդուն դարձնում է ինքնության կրող։ Իշխանության պատկերացմամբ՝ պետությունը զուտ «բարեկեցիկ ապրելու» գործիք է, իսկ Եկեղեցին, որպես պատմական հիշողության և սրբազան արժեքների կրող, դիտարկվում է որպես խոչընդոտ այդ «բարեկեցիկ կյանքի» ճանապարհին ։

Սակայն պետք է հստակ արձանագրել. պետությունը, որը հրաժարվում է իր հոգևոր ողնաշարից և պատմական ժառանգությունից, վերածվում է սոսկ վարչատարածքային միավորի՝ զուրկ դիմադրողականությունից և ապագայի տեսլականից ։ «Իրական Հայաստանը» չի կարող գոյություն ունենալ առանց հոգևոր Հայաստանի, եթե այն չի ցանկանում վերածվել անդեմ ու անարժեք մի տարածքի։

Տաճարից մինչև «չուլան»

Այս ընթացքում մենք ականատես եղանք պետական մակարդակով իրականացվող բացահայտ սրբապղծության։ Երբ երկրի ղեկավարը եկեղեցիներն անվանում է «չուլան», իսկ նրա ընտանիքի անդամները, կուսակիցները հոգևորականներին որակում են որպես «մաֆիոզներ» ու «այլասերվածներ», սա սոսկ հռետորաբանություն չէ։ Սա նպատակային հարված է Եկեղեցու հեղինակությանը, որպեսզի հասարակության աչքում արժեզրկվի վերջին կառույցը, որն ընդունակ է բարոյական դիմադրության։

Իշխանությունները փորձում են Եկեղեցին ներկայացնել որպես «պետություն պետության մեջ» կամ արտաքին ուժերի գործիք։ Եկեղեցին երբեք չի ձգտել իշխանության, բայց նա նաև չի կարող լինել լուռ հանդիսատես, երբ հարվածի տակ է հայտնվում ազգի անվտանգությունն ու բարոյական նկարագիրը։ Հոգևորականների ձերբակալություններն ու «հեղաշրջման» մասին կեղծ թեզերը միայն բացահայտում են իշխող համակարգի վախերը և ներքին հոգևոր սնանկությունը ։

Ինստիտուցիոնալ ներխուժում և «Բարենորոգման» կեղծիքը

Առավել դատապարտելի է պետության փորձը՝ ներխուժելու Եկեղեցու ներքին կանոնական կյանք։ Հայրապետի ընտրության մեջ «վճռորոշ ձայն» ունենալու կամ թեկնածուների «վեթինգ» անցկացնելու մասին հայտարարությունները Սահմանադրության և ժողովրդավարության սկզբունքների կոպտագույն խախտում են։ Եկեղեցու «բարենորոգման» քողի տակ իշխանությունը ցանկանում է ստեղծել մի «գրպանային» կառույց, որը կծառայի օրվա քաղաքական օրակարգին։

Ժամանակավորը ընդդեմ Հավերժականի

Այսօր ընթացող պայքարը ոչ թե Եկեղեցու և իշխանության, այլ հոգևոր արժեքների և նյութապաշտ նիհիլիզմի միջև է։ Կրթական համակարգից «Հայ Եկեղեցու պատմության» հեռացումը, «Հայոց պատմության» վերանվանումը և Սրբազան մասունքների ու տաճարների թիրախավորումը մեկ շղթայի օղակներ են։ Նպատակը մեկն է՝ կտրել հայ մարդուն իր արմատներից, որպեսզի նա դառնա հեշտ կառավարվող և զուրկ լինի ինքնապաշտպանական բնազդից ։

Մենք պետք է հստակ հասկանանք՝ իշխանությունները ժամանակավոր են, իսկ Եկեղեցին՝ հավերժական։ Որևէ քաղաքական օրակարգ չի կարող վերաձևել այն հոգևոր տունը, որը կառուցվել է դարերով։ Եկեղեցին կարիք չունի հնչեցված բոլոր մեղադրանքներին ընդառաջ արդարանալու, քանի որ նրա գոյությունն ինքնին արդարություն է։ Այսօրվա հալածանքները միայն կոփում են Եկեղեցուն՝ ավելի զորացնելով Եկեղեցուն իր իրական առաքելության մեջ՝ լինելու ժողովրդի խղճի ու ճշմարտության ձայնը նույնիսկ ամենաբարդ ժամանակներում։

Հեղինակ՝ Տ․ Նշան քհն․ Պանֆյորով