Դավիթ Մինասյանին ազատությունը զրկելու որոշումը անհամաչափ է և կամայական. ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հայտարարություն Դավիթ Մինասյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին։
Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի պատճառով կալանավորվել է 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը։ Նա մեղադրվում է «խուլիգանության» և «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» մեջ։ Միջադեպը, որն ակնհայտորեն նախապես պլանավորված չէր և որևէ վնաս չի հասցրել պետական պաշտոնյաներին, ուժային կառույցներից արժանացել է անհամաչափ արձագանքի։
Այս համատեքստում պարզ է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի, ինչպես նաև Դավիթի եղբոր՝ Միքայել Մինասյանի դեմ քրեական հետապնդման հարուցումը, բնակարանի խուզարկությունը միջադեպին արհեստականորեն «ավելի մեծ կշիռ» տալու և հանրությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի ներգրավումն իր հերթին հաստատում է Դ․ Մինասյանին կալանավորելու ոչ թե օրենքի, այլ քաղաքական դրդապատճառներից բխող հանգամանքը։
«Եթե խափանման միջոցը չփոխվի, Դ․ Մինասյանը դպրոցի վերջին դասարանի ավարտական շրջանն անցկացնելու է ճաղերի ետևում, ինչն իր հերթին բացասական է անդրադառնալու կրթության իրավունքի վրա։ Հաշվի առնելով միջադեպի հանգամանքները և կալանավորման՝ օրենքով նախատեսված չափանիշները, Դավիթ Մինասյանին ազատությունը զրկելու որոշումը անհամաչափ է և կամայական»,-նշում են կենտրոնից։
Աղբյուր՝ AntiFake.am