Բեռնում...
«Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մեկ անձի կամքից». Սերժ Սարգսյան
29-10-2025 23:43 | Լուրեր

«Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մեկ անձի կամքից». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր ուղերձները.

«Պարո՛ն նախագահ, թեև դատական նիստն է մեկնարկելու, ամեն դեպքում չենք կարող չհարցնել Դավիթ Համբարձումյանի կալանավորման դրվագի մասին: Օրինաչափությունն այս պարագայում պահպանվեց. ընդդիմադիր գործիչ է կալանավորվել: Ձեր դիտարկումները:

-Մենք այդ առիթով` դատավճռից անմիջապես հետո, հայտարարություն ենք տարածել, որտեղ մեկ անգամ ևս ընդգծել ենք, որ Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մեկ անձի կամքից։ Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթ Համբարձումյանի կողմից հանցավոր գործունեության հետ, բացի դրանից, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել: Բնականաբար, այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այդ պատժամիջոցի վրա:

-Պարո՛ն նախագահ, և մի դիտարկում՝ ինչո՞ւ արևմտյան կառույցները, միջազգային կառույցները պահպանում են իրենց լռության ուխտը և ձայն չեն հանում, բացառությամբ մի քանի անհատների և մի քանի կազմակերպությունների:

-Շատ պարզ է, որովհետև նրանք սատարում են այսօրվա իշխանություններին: Ոչ թե սկզբունքներով են շարժվում, այլ շահով են շարժվում:

-Ամեն դեպքում, երբ որ շփվում էիք արևմտյան պաշտոնյաների հետ, ս՞ա էր իրենց պատկերացրած ժողովրդավարությունը:

-Ոչ:

-Պարո՛ն նախագահ, այս գործի հետ կապված՝ ունե՞ք դիտարկումներ. երկրորդ շնչառություն են տվել: Ինչո՞ւ:

-Ի՞նչ ասեմ: Դժվարանում եմ ասել: Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ մեկն է, երկուսն է, թե չորսն է: Չորսն էլ կա:

-Պարո՛ն նախագահ, հիմա, որ Դավիթ Համբարձումյանին արդեն կալանավորեցին, ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացը: Հնարավո՞ր է, որ տապալվի կամ նոր թեկնածու առաջադրեք: Ձեր քայլերի մասին:

-Ոչ, որովհետև Դավիթ Համբարձումյանի մասով դեռևս դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել: Բնականաբար, փաստաբանները բողոքարկելու են, և այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են։ Այնպես որ, Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն՝ իմփիչմենթի գործով վարչապետի թեկնածուն:

-Պարո՛ն Սարգսյան, Դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառո՞վ կալանավորեցին, քաղաքական պատճառներո՞վ:

-Ոչ միայն այդ գործընթացի. իր դիրքորոշման պատճառով: Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին փնտրել, տեսնել՝ արդյո՞ք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառվել է: Դեռևս ինձ պատասխան չեն տվել՝ կիրառվե՞լ է, թե՞ ոչ: Շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա:

-Պարո՛ն Սարգսյան, մի քիչ կպատմե՞ք Ձեր պլանների մասին` օրինակ, դաշինքներ. ի՞նչ տարբերակներ եք մտածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տուն ուղարկեք: Ի՞նչ ռեալ գործընթացներ կան, օրինակ, ի՞նչ պլաններ կան:

-Մենք այլ պլան չունենք, քան իմփիչմենթի գործընթացն առաջ տանելը: Եթե ուրիշներն այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն՝ մենք դրանք հաճույքով կլսենք:

-Պարո՛ն Սարգսյան, կարծես երկրի վիճակը գնալով վատանում է, նաև եկեղեցու դեմ քայլեր, կալանավորներ, քաղաքական հետապնդումներ, այս ամենում Դուք, երբ որ մենակ եք մնում, մեղավորության զգացում ունենո՞ւմ եք:

-Եթե նույնիսկ, այ, այս փոքր խմբում մեկը կա, որ կասի, թե երբեք ինքը մեղավոր չի եղել, ասեք։

-Պարո՛ն նախագահ, այս գործով Ձեզ արդարացրած դատավորի հանդեպ կարգապահական վարույթ հարուցվեց, և նա հեռացվեց դատական համակարգից: Մտավախություն չունե՞ք, որ եթե Ձեզ մյուս դատավորներն էլ արդարացնեն, նույն ճակատագրին կարժանանան:

-Բայց ես ի՞նչ կարող եմ այդտեղ անել: Դատավորներն իրենք են որոշում արդարադատությո՞ւն ապահովել, թե՞անձնական անվտանգություն:

-Հովհաննավանքի իրադարձություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Ես չեմ էլ ուզում այդ խայտառակությանն արձագանքել: