Ամերիկյան Dive-LD անօդաչու ստորջրյա համակարգի հայտնվելն Իրանի ձեռքում, ինչո՞վ է սա վտանգավոր ԱՄՆ-ի համար․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամերիկյան Dive-LD անօդաչու ստորջրյա համակարգի հայտնվելն Իրանի ձեռքում ԱՄՆ-ի համար ոչ միայն տեխնիկական կորուստ է, այլև լուրջ ռազմավարական և հեղինակային ձախողում։
Նման տեխնոլոգիայի արժեքը չի սահմանափակվում դրա գնով կամ ներսում առկա գաղտնի տեղեկատվությամբ։ Շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ իրանցի մասնագետները հնարավորություն են ստանում ուսումնասիրելու ամերիկյան համակարգի կառուցվածքը, տեխնիկական և ինժեներական լուծումները, նավիգացիայի ու կառավարման սկզբունքները, ինչպես նաև դրա հնարավոր ուժեղ և թույլ կողմերը։
Իրանի համար սա հատկապես կարևոր ձեռքբերում է։ Թեհրանը տարիներ շարունակ հետևողականորեն զարգացնում է սեփական անօդաչու և ռազմածովային կարողությունները, իսկ ամերիկյան ժամանակակից համակարգի ուսումնասիրությունը կարող է լրացուցիչ փորձ և գիտելիք ապահովել այդ ուղղությունների հետագա զարգացման համար։
Առանձին ուշադրության է արժանի նաև Չինաստանի գործոնը։ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցության, հատկապես՝ Խաղաղ օվկիանոսում և Թայվանի շուրջ առկա լարվածության պայմաններում, ստորջրյա ինքնավար համակարգերի տեխնոլոգիաները Պեկինի համար ունեն առանձնահատուկ նշանակություն։ Հետևաբար, տրամաբանական է ենթադրել, որ ամերիկյան Dive-LD-ի տեխնոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը կարող է հետաքրքրություն ներկայացնել նաև չինական կողմի համար։
Այս պահին որևէ հաստատված տեղեկություն չկա սարքը կամ դրա ուսումնասիրության արդյունքները Չինաստանին փոխանցելու վերաբերյալ։ Սակայն Իրանի և Չինաստանի միջև խորացող ռազմավարական համագործակցության համատեքստում նման տեխնոլոգիայի հայտնվելը Թեհրանի ձեռքում ինքնին նոր հանգամանք է տարածաշրջանային և ավելի լայն աշխարհաքաղաքական հավասարակշռության տեսանկյունից։
ԱՄՆ-ի համար խնդիրը, հետևաբար, մեկ ստորջրյա սարքի կորուստը չէ։ Խնդիրն այն է, որ ամերիկյան ռազմական տեխնոլոգիայի իրական նմուշը հայտնվել է Իրանի ձեռքում, որտեղ այն կարող է մանրակրկիտ ուսումնասիրվել և օգտագործվել սեփական տեխնոլոգիական կարողությունների ու հակազդման միջոցների զարգացման համար»։
Աղբյուր՝ AntiFake.am