Բեռնում...
Հանրությանը կրկին փորձ է արվելու համոզել, որ՝ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն է դուրս գալիս Հայաստանից»․ Վլադիմիր Մարտիրոսյան
12-05-2026 13:13 | Վերլուծություն

Հանրությանը կրկին փորձ է արվելու համոզել, որ՝ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն է դուրս գալիս Հայաստանից»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղտեխնոլոգ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսպիսով, մեծ հավանականությամբ առաջիկայում մենք բառացիորեն ականատես ենք լինելու նույն քաղաքական-քարոզչական ֆորմուլայի վերարտադրմանը, որը կիրառվեց ՀԱՊԿ-ի դեպքում, միայն արդեն՝ ԵԱՏՄ-ի ուղղությամբ։

Այսինքն հանրությանը կրկին փորձ է արվելու համոզել, որ՝ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն է դուրս գալիս Հայաստանից»։ Սա արդեն մեկ անգամ աշխատեցված, փորձարկված և քաղաքական տեխնոլոգիայի մակարդակի հասցված ֆորմուլա է։

Հիշեք ՀԱՊԿ-ի շուրջ ձևավորված ամբողջ նարատիվը։ Սկզբում հանրությանը բացատրվում էր, որ կազմակերպությունը «չի արձագանքում», հետո՝ «չի կատարում իր պարտավորությունները», հետո՝ «գոյություն չունի Հայաստանի համար», հետո՝ «ինքն է դուրս եկել Հայաստանից»։

Այսինքն քաղաքական որոշման պատասխանատվությունը փուլ առ փուլ տեղափոխվում էր ոչ թե որոշում կայացնողի, այլ արտաքին համակարգի վրա։ Ոչ թե դու ես փոխում աշխարհաքաղաքական վեկտորը,

այլ աշխարհաքաղաքական համակարգն է քեզ «լքում»։ Ոչ թե դու ես կատարում շրջադարձ, այլ քեզ «ստիպում են»։ Ոչ թե դու ես պատասխանատու, այլ իրավիճակն է «անխուսափելի» դարձել։

Եվ հիմա նույն մեխանիզմը մեծ հավանականությամբ փորձ է արվելու կիրառել նաև ԵԱՏՄ-ի նկատմամբ։

Սակայն այստեղ սկսվում է ամենավտանգավոր հատվածը։ Եթե ՀԱՊԿ-ի թեման հնարավոր էր երկար պահել անվտանգային, դիվանագիտական և աշխարհաքաղաքական բառապաշարի մեջ, ապա ԵԱՏՄ-ի թեման այդ շքեղությունը չի ունենալու։ Որովհետև սա արդեն ոչ թե սահմանների, քարտեզների ու հայտարարությունների, այլ մարդու գրպանի, սառնարանի, աշխատավարձի, բիզնեսի, գյուղմթերքի, բեռնափոխադրումների, գների և հազարավոր ընտանիքների գոյատևման մասին է։

Եվ հենց այստեղ է ամբողջ վտանգը։

Քաղաքական PR-ը կարող է երկար աշխատել անվտանգային ոլորտում, որովհետև անվտանգության ճգնաժամերը հասարակությունը հաճախ զգում է ուշացած։ Բայց տնտեսական ճգնաժամը մարդը զգում է նույն օրը՝ խանութում, կոմունալ վճարի ժամանակ, աշխատավայրում կամ դրամական փոխանցումների կրճատման պահին։

Այսինքն՝ եթե ՀԱՊԿ-ի դեպքում հնարավոր էր ամիսներով կառուցել «իրենք են հեռանում մեզնից» նարատիվը, ապա ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին։ Ու այստեղ արդեն սկսվելու է ամենաբարդը։ Որովհետև տնտեսական իրականությունը շատ ավելի դաժան բան է, քան քաղաքական նարատիվը։

Մարդը կարող է ամիսներով չհասկանալ աշխարհաքաղաքական փոփոխության հետևանքները, բայց մարդը շատ արագ հասկանում է, երբ իր եկամուտը նվազում է, ապրանքը թանկանում է, բիզնեսը խնդիրների մեջ է ընկնում կամ աշխատանքի շուկան սկսում է սեղմվել։

Եվ եթե նույն «ոչ թե մենք ենք դուրս գալիս, այլ իրենք են հեռանում» ֆորմուլան ամբողջությամբ տեղափոխվի տնտեսական դաշտ, ապա իշխանությունը կարող է առաջին անգամ բախվել ոչ թե գաղափարական դժգոհության, այլ շատ ավելի վտանգավոր երևույթի՝ սոցիալական հոգեբանական կտրուկ սառեցման։

Որովհետև աշխարհաքաղաքական հարցերի շուրջ հասարակությունը կարող է երկար վիճել, բայց գրպանի հարցերի շուրջ հասարակությունը սովորաբար շատ արագ է դատավճիռ կայացնում։

P.S. Հենց այդ դատավճռից խոսափելու և ընտրական փուլում դրան չբախվելու ռիսկից խուսափելու համար է հիմա իշխանության հռետորաբանությունն ու մոտեցումը փափուկ և ոչ ագրեսիվ այդ առումով: Այն շատ արագ փոխվելու է ընտրություններից հետո»:

Աղբյուր՝ AntiFake.am