Նախկին հոգևորականի կողմից թեմի առաջնորդի առաջին իսկ պահանջով եկեղեցու տարածքը չլքելը կհանգեցնի մի շարք իրավախախտումների. Գրիգորի Պողոսյան
Արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ոմն անձ հայտարարեց, որ մասնակցելու է պատարագի, որը մատուցվելու է ինչ-որ աշխարհիկ անձի կողմից։ Զսպելով այդ արարքի բարոյական և դավանաբանական կողմերին անդրադառնալու ցանկությունս՝ կանդրադառնամ հարցին զուտ իրավական տեսանկյունից։ Հովհանավանքը հանդիսանում է Հայաստանյայց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականությունը։
Այն ենթակա է Արագածոտնի թեմին, այսինքն՝ վանքը գտնվում է թեմի առաջնորդի հոգևոր և վարչական ենթակայության ներքո։ Որպես մշակութային հուշարձան՝ այն նաև պետական պահպանության ներքո գտնվող պատմամշակութային արժեք է, որը գտնվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, այն է՝ պետության պահպանության ներքո։ Իրավական առումով պետական մարմիններն ունեն երկու կարևոր լիազորություն այս ոլորտում՝ եկեղեցապատկան գույքը՝ եկեղեցիներն ու մշակութային արժեք հանդիսացող այլ տարածքները, ոտնձգություններից պաշտպանելը, ինչպես նաև՝ մշակութային ժառանգություն հանդիսացող եկեղեցիներն ու վանքերը բնական գործընթացների բացասական ներգործությունից պահպանելը։ Պատկերավոր ասած՝ պետությունը, Եկեղեցուն հավասար, ունի պարտականություն՝ միջոցներ ձեռնարկելու, որպեսզի եկեղեցիները չմամռակալեն և չքանդվեն, և այդ նույն պետությունն է պարտավոր աշխարհիկ անձանց ոտնձգությունից պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին։
ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված իրավանորմի ուժով անձի խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը, այդ թվում՝ կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք, ընդ որում՝ նույն հոդվածի 2-րդ մասը որակյալ հանցակազմ է դիտարկում նշված արարքի կատարումը իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ սահմանելով, այլ պատժատեսակների շարքում, սանկցիա՝ մինչև երկու տարվա ազատազրկման ձևով։
Նախկին հոգևորականի, իսկ այժմ՝ պարզապես աշխարհիկ անձի կողմից թեմի առաջնորդի առաջին իսկ պահանջով եկեղեցու տարածքը չլքելը կհանգեցնի մի շարք իրավախախտումների, որոնց թվում՝ առնվազն մեկ քրեորեն պատժելի։ Ավելին՝ կարգալույծ քահանայի կողմից պատարագ մատուցելը նույնն է, ինչ Օհանավան գյուղապետարանի պահակի կողմից պատարագ մատուցելը։ Երկու պարագայում էլ կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը և կրոնական ծեսի կատարումը խոչընդոտվում են, պղծվում է Եկեղեցին։ Պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք կհանդգնեն աջակցել նման անձի, միանգամից կդառնան նույն արարքի որակյալ հանցակազմի սուբյեկտ։ Ավելին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46 հոդվածով սահմանված հանցակիցների տեսակներից առնվազն օժանդակողն ամբողջությամբ համադրելի է այն անձի հետ, ով կմասնակցի կարգալույծ անձի կողմից պատարագի մատուցմանը։
Այս կարգալույծի պարագայում Եկեղեցին պետք է վարվի, ինչպես կվարվեր ցանկացած խուլիգանի պարագայում, ով ասենք մտել է եկեղեցի և գիշերային ժամին դուրս չի գալիս կամ աղմուկ է բարձրացնում։ Պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացվի ոստիկանություն և պահանջ՝ անհապաղ ձերբակալել ենթադրյալ հանցագործին։ Կարծում եմ նաև, որ այն պարագայում, եթե ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձինք, չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները, դրսևորեն ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի դիսպոզիցիայով սահմանված վարքագիծ, հանրությունը, կատարելով իր սրբազան պարտքը, այն է՝ հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելը՝ իրավասու մարմիններին հանձնելու կամ նոր հակաիրավական արարքը կանխելու նպատակով, կարող է Եկեղեցու կողքին կանգնել այս հարցում։
Ավելացնեմ նաև, որ ցանկացած անձ, ով իր ակտիվ վարքագծով կնպաստի կարգալույծի կողմից պատարագի նմանվող (քանզի պատարագ է միայն հոգևորականի կողմից մատուցվողը) այդ արարողության մատուցմանը, օրինակ՝ կխոչընդոտի նորանշանակ քահանայի կողմից հոգևոր պարտականությունների կատարումը, ևս կդառնա վերոնշյալ հանցակազմի սուբյեկտ»։
Աղբյուր՝ AntiFake.am