Մինչև ո՞ւր պիտի նահանջես Հայ
Արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծես աննկատ ու մի տեսակ քողարկված վրա հասավ 21-րդ դարի Հայի մեծագույն ողբերգության 5-րդ տարելիցը։ Վրա հասավ մի փոքր մշուշոտ հայացքով, թախծոտ ու արցումքոտ աչքերով, միևնույն ժամանակ՝ գաղջ անտարբերությամբ և վավաշոտ ցինիզմով լեցուն։
Հինգ տարի… Արդեն հինգ տարի Երկրի բնակչությունն ապրում է զուգահեռ իրականություններում։ Մի մասն արդեն հինգ տարի իր սեփական տեսակի հետ անվերջ գզվռտոցի մեջ է։ Հայի այս տեսակը, որ ամենից առավել պետք է ընկալեր այս արհավիրքի դժոխաբեր հետևանքները, կարծես միտումնավոր շեղում է հարվածներն իրական ոսոխից՝ դրանք ուղղորդելով դեպի մեկմեկու և դրանով իսկ հարթելով Երկրի՝ դեպի գեհեն տանող ճամփան։ Հայի մյուս տեսակը քար անտարբերությամբ լեցուն իր հավաքական «ես»-ի հանդեպ, անձնական «ես»-ը քշելով հոտի առջևում, աշխատում է օր առաջ քաղել այս իշխանությունների «բաշխած» «խաղաղության և տնտեսական զարգացման» բերքերը՝ չհասկանալով, որ վաղը ոչ միայն սեփական բիզնեսը, սեփական ոտքը, սեփական երեխայի ոտքը գետնին դնելու տեղ չի ունենալու։ Հայի մյուս՝ իրական տեսակը այս հինգ տարին պարզապես ուրվագծում էր իր գոյության ուղիները, պարզապես պահպանում էր իր կենսաբանական գոյության ռեֆլեկտիվ հատկանիշները՝ շնչառությունը, տեսողությունն ու լսողությունը…
Այս բոլորի գլխավերևում թռչկոտում էր Ապահայ տեսակը, թրքահոժար տեսակը, թրքամեծար տեսակը, որը հինգ տարի բանացրեց ու փչացրեց այն ամենը, ինչ երբևէ Հայ է կոչվել։ Խլեց Հայի հոգևոր հացը , պատիվն ու արժանապատվությունը, խլեց Հայի ապրելու և արարելու իրավունքը, Հայ մնալու իրավունքը, ջնջեց այն ամենը, ինչը Հայ էր հիշեցնում։
44-օրյա պատերազմը պարզապես կոնֆլիկտ չէր, որը բերեց պարտություն։ Դա ի սկզբանե դավաճանված բանակի սպանդն ապահովելուն ուղղված օպերացիա էր, և այսօրվա ողջ ողբերգությունը ոչ այնքան այդ պարտության, այլ անվերջ պարտության, անվերջ նահանջի, անվերջ զիջման ու անվերջ դավաճանության մեջ է։
Եվ հիմա՝ հնգամյա այս մղձավանջի տարելիցին, կցանկանայի ևս մեկ՝ վերջին, անգամ խոսքս ուղղել Հային. «Մինչև ո՞ւր պիտի նահանջես Հայ: Թե՞ սպասում ես, որ նիկոլը Ռասկոլնիկովի առաջին երազը տեսնի ու ապաշխարի։ Հայ տեսակիդ կենսունակությունն ապահովելու անհրաժեշտ տարածքը զավթում է Հակահայը։ Այդ Հակահայը չի վախենում ոչ իմպիչմենտից, ոչ էլ ընտրությունից, քանզի իր առջև տեսնում է անկյունում ծվարած հոգեպես ջարդված Հային։ Հակահայը միայն նիկոլն ու նիկոլանմաննը չէ։ Շուտով այն կդառնա բազմազգ ու բազմակրոն ու իր հաժերջ անկուշտ երախով կխժռի այն ամենն ինչ Հայը ամբարել է իր երեխաների համար։ Արթնացի’ր»»։
Աղբյու