Փաշինյանի հայտարարությունները հնչում են ոչ թե քաղաքական ճնշումների բացառման հստակ երաշխիքների, այլ դրանց գոյությունը հերքելու պայմաններում․ Հովասափյան
Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրել է․
«Վերջին օրերին Փաշինյանը, ըստ էության, ազդարարեց պետական տեռորի հերթական ալիքի մեկնարկը։ Երբ նա խոսում էր ՏԻՄ-երում հանգիստ ու խաղաղ ընտրական գործընթացների մասին, հերքում քաղաքական հայացքների պատճառով մարդկանց աշխատանքից ազատելու կամ քաղաքական հետապնդումների մասին պնդումները, այդ հայտարարությունների տակ ավելի խոր քաղաքական տրամաբանություն էր թաքնված։ Դրանք պարզապես կատարվածը հերքելու փորձ չէին․ դրանցով կարծես նախապես հող էր նախապատրաստվում այն ամենի համար, ինչ առաջիկայում կարող է դառնալ ավելի բացահայտ ու համակարգված ճնշման գործիք։
Փաշինյանը դժվար թե տեղյակ չլինի, թե ինչ է կատարվել և շարունակում է կատարվել ՏԻՄ նախընտրական գործընթացներում։ Երբ տարբեր համայնքներում քաղաքական մրցակցությունն ուղեկցվում է մարդկանց նկատմամբ ճնշումներով, աշխատանքային կախվածության օգտագործմամբ, վարչական ռեսուրսի գործադրմամբ և ընդդիմադիր դիրքորոշման համար հնարավոր հետևանքների մասին ակնարկներով, դժվար է այդ ամենը դիտարկել որպես իրարից անկախ կամ պատահական միջադեպեր։ Առավել ևս, երբ երկրի ղեկավարը հրապարակային խոսքում ոչ թե փորձում է բացառել նման գործելակերպը և հստակ երաշխիքներ տալ քաղաքացիներին, այլ շտապում է այն ներկայացնել որպես գոյություն չունեցող խնդիր։
Իրականում հենց այստեղ է ձևավորվում պետական տեռորի քաղաքական մեխանիզմը՝ սկզբում հերքել խնդրի գոյությունը, ապա հանրային դժգոհությունը ներկայացնել որպես հորինվածք, իսկ անհրաժեշտ պահին գործի դնել իշխանության ձեռքում եղած վարչական, տնտեսական և իրավական լծակները։ Այդպիսի պայմաններում մարդուն պարտադիր չէ ուղղակի հրահանգ տալ, թե ում օգտին քվեարկի։ Բավական է, որ նա հասկանա՝ իր քաղաքական ընտրությունը կարող է ազդել աշխատանքի, եկամտի, մասնագիտական ապագայի կամ ընտանիքի բարեկեցության վրա։ Վախն այդ դեպքում վերածվում է կառավարման գործիքի, իսկ ընտրությունը՝ ազատ կամարտահայտությունից վարչական կախվածության պայմաններում կայացվող որոշման։
Եվ եթե այս գործընթացը զարգանում է տարբեր համայնքներում նույն տրամաբանությամբ, ապա խոսքը միայն առանձին թեկնածուների կամ տեղական իշխանությունների վարքագծի մասին չէ։ Խնդիրը քաղաքական համակարգի այն մոդելն է, որտեղ իշխանությունը ձգտում է վերահսկել ոչ միայն ընտրական արդյունքը, այլև քաղաքացու վարքագիծը՝ նրան նախապես համոզելով, որ ընդդիմադիր դիրքորոշումն ունի իր գինը։
Ըստ էության՝ Փաշինյանի հայտարարությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Դրանք հնչում են ոչ թե քաղաքական ճնշումների բացառման հստակ երաշխիքների, այլ դրանց գոյությունը հերքելու պայմաններում։ Իսկ երբ իշխանությունը նախապես հերքում է մի երևույթ, որի դրսևորումների մասին արդեն ահազանգեր կան, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ արդյոք այդ հերքումը պարզապես պաշտպանական արձագանք է, թե առաջիկա գործողությունների համար հանրային ու քաղաքական պատասխանատվությունը կանխավ չեզոքացնելու փորձ։
Ընտրությունը, որի ընթացքում քաղաքացին պետք է հաշվի առնի ոչ միայն իր համոզմունքները, այլև հնարավոր պատժի գինը, այլևս լիարժեք ազատ ընտրություն չէ։ Իսկ եթե պետական լծակներն օգտագործվում են այդ վախը ձևավորելու կամ խորացնելու համար, ապա վտանգված է ոչ միայն առանձին համայնքի ընտրական գործընթացը, այլև պետության ժողովրդավարական հիմքը»։
Աղբյուր՝ AntiFake.am