Բեռնում...
Ռուսաստանը Հայաստանի հետ պատրաստ է քննարկել Հարավային Կովկասում Թրամփի երթուղին. Մարիա Զախարովա
12-09-2025 20:09 | Լուրեր

Ռուսաստանը Հայաստանի հետ պատրաստ է քննարկել Հարավային Կովկասում Թրամփի երթուղին. Մարիա Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան սեպտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում Թրամփի երթուղու (TRIPP) նախագծին։

Ըստ նրա, թե ինչպես է այս տրանսպորտային երթուղին գործնականում գործելու, Մոսկվան կարող է վերջնական պատկերացում կազմել միայն նախագծի կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո, ինչը դեռևս տեղի չի ունեցել։

«Ես կկրկնեմ մեր տեսակետը. Հարավային Կովկասի գործերում արտատարածաշրջանային խաղացողների մասնակցությունը, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, պետք է ուղղված լինի, առաջին հերթին, տարածաշրջանի երկրների և նրանց անմիջական հարևանների շահերին»,-ընդգծեց Զախարովան և հավելեց.

«Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ. Հայաստանը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկություն է, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցը, իսկ ռուս սահմանապահները, միջազգային պայմանագրի համաձայն, ապահովում են սահմանների պաշտպանությունը այն տարածքում, որտեղով մոտավորապես կանցնի վերոնշյալ երթուղին։

Ցանկանում եմ նաև հիշեցնել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ձեռք են բերվել բազմաթիվ կարևոր համաձայնություններ։ Դրանք արդիական են մնում նաև այսօր։ Հետևաբար, մենք հույս ունենք շարունակել արդյունավետ երկխոսությունը հայկական կողմի հետ այս և այլ թեմաների շուրջ»։