Մահապատժի դատապարտված միակ կինը ողջ է մնացել երկու մահաբեր ներարկումից հետո․ նրա ճակատագիրն անհայտ է
ԱՄՆ Թենեսի նահանգում սեպտեմբերի 30-ի երեկոյան տեղի է ունեցել դատական համակարգի պատմության մեջ ամենաարտառոց և աղմկահարույց դեպքերից մեկը: Թենեսիի մահապատժի դատապարտված միակ կինը՝ 50-ամյա Քրիստա Փայքը, ողջ է մնացել իր նկատմամբ սահմանված մահապատժի իրականացման ընթացքում։ Ըստ նրա փաստաբանների հայտարարության՝ նրան ներարկել են «Պենտոբարբիտալ» տեսակի մահաբեր դեղամիջոցի երկու ամբողջական դոզա, սակայն նրա սիրտը շարունակել է բաբախել:
Չորեքշաբթի օրը մեկնարկել էր իրավական ծայրահեղ լարված պայքարով: Մահապատժի իրականացումից ընդամենը մեկ ժամ առաջ Դաշնային վերաքննիչ դատարանը ժամանակավորապես կասեցրել էր գործընթացը՝ Փայքի մանկության տարիներին կրած սեռական բռնության և հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ լրացուցիչ քննություն անցկացնելու նպատակով:
Սակայն ժամեր անց, նահանգի իշխանությունների շտապ դիմումից հետո, ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկեց այդ կասեցումը: Թենեսիի ուղղիչ հիմնարկների վարչությունը ստիպված էր մրցավազք սկսել ժամանակի դեմ, որպեսզի պատիժն ի կատար ածեր մինչև օրվա ավարտը։
Ժամը 18:30-ին լրագրող-ականատեսներին թույլատրել են մտնել դիտման սրահ: Պատգարակին գամված Փայքը, որը հոգևոր հովվի հետ միասին երգում էր, վերջին խոսքում ասել է. «Ես այս աշխարհից հեռանում եմ այնպես, ինչպես անցկացրել եմ կյանքիս մեծ մասը՝ սիրով»:
Սակայն ներարկման ընթացակարգն անմիջապես վերածվել է մղձավանջի: Փայքը բարձրաձայն գանգատվել է, որ ձեռքի շրջանում «այրող ցավ» ունի, և իրեն թվում է, թե «երակը հեսա կպայթի»։ Դրանից հետո ականատեսների խցիկի վարագույրները փակվել են: Մոտ մեկ ժամ շարունակ դրսում գտնվողները լսել են Փայքի խորը խռմփոցը, հևոցն ու շնչառությունը: Ինչպես հետագայում պարզվել է դատական հայցերից, նրան ներարկվել է նաև երկրորդ՝ պահուստային դոզան, սակայն ապարդյուն: Թենեսիի պաշտոնական արձանագրությունը նման իրավիճակների համար որևէ հստակ քայլերի հաջորդականություն չի նախատեսում։
Տեսնելով, որ գործընթացը տապալվել է, իշխանությունները դադարեցրել են այն: Ժամը 21:00-ին մոտ բանտի տարածք են ժամանել շտապօգնության մեքենաները: Փայքին տեղափոխել են Նեշվիլի հիվանդանոց, որտեղ, ըստ փաստաբանների, նրա նկատմամբ կիրառվում են «կյանքը փրկող միջոցառումներ»։ Բժշկական փորձագետները մտահոգություն ունեն, որ ուշացած օգնության պատճառով նա կարող է ուղեղի ծանր վնասվածք ստացած լինել։
Այս ձախողմանը կտրուկ է արձագանքել Թենեսիի հանրապետական նահանգապետ Բիլ Լին: Նա հայտարարել է, որ պատվիրում է անկախ երրորդ կողմի համապարփակ հետաքննություն և անմիջապես չեղարկել է 2026 թվականի համար նահանգում նախատեսված բոլոր մնացած մահապատիժները (այդ թվում՝ դեկտեմբերին պլանավորված Գարի Ուեյն Սաթոնի մահապատիժը)։
Քրիստա Փայքը դատապարտվել էր մահապատժի 1996 թվականին՝ 18 տարեկան հասակում։ Նա և իր ընկերը՝ Թադարիլ Շիփը, խանդի հողի վրա դաժանորեն տանջամահ էին արել իրենց 19-ամյա համակուրսեցի Քոլին Սլեմերին։ Դեպքը մեծ արձագանք էր ստացել այն պատճառով, որ զոհի մարմնին սատանիստական սիմվոլներ էին փորագրվել։ Քանի որ Շիփը դեպքի պահին 17 տարեկան էր, նա խուսափել էր մահապատժից և դատապարտվել ցմահ ազատազրկման, մինչդեռ Փայքը դարձել էր ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ կինը, ով հայտնվել էր մահապատժի խցում։
Սպանված աղջկա մայրը՝ Մեյ Մարտինեսը, ով ներկա էր բանտում, տեղի ունեցածից հետո լրագրողներին կարճ հայտնել է. «Սա պարզապես քաոս էր»:
Մահապատժի կողմնակիցներն ու հակառակորդները հերթական անգամ բախվել են. իրավապաշտպանները պնդում են, որ տեղի ունեցածը Սահմանադրության 8-րդ փոփոխության (դաժան և անմարդկային պատժի արգելքի) կոպիտ խախտում է, մինչդեռ որոշ քաղաքական գործիչներ արդեն կոչ են անում հրաժարվել ներարկումներից և վերադառնալ էլեկտրական աթոռի կիրառմանը։
Այս մասին ավելին կարող եք իմանալ AntiFake.am-ի պատրաստած հաղորդումից՝ այստեղ
Աղբյուր՝ AntiFake.am