Բեռնում...
Հայաստանի իշխանությունն իրականում շարժվում է «կախյալ Հայաստանի» կոնցեպտով, որտեղ առաջնայինը ոչ թե պետական և ազգային շահերն են, այլ նեղ կուսակցականը. Աբրահամյան
11-11-2025 16:56 | Կարծիք

Հայաստանի իշխանությունն իրականում շարժվում է «կախյալ Հայաստանի» կոնցեպտով, որտեղ առաջնայինը ոչ թե պետական և ազգային շահերն են, այլ նեղ կուսակցականը. Աբրահամյան

«44-օրյա պատերազմի ծանր հետևանքները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ վաշինգտոնյան պայմանավորվածություններով չեն սահմանափակվելու»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, դրանք տասնամյակներով ծանր ազդեցություն են թողնելու Հայաստանի բնականոն ընթացքի, նրա շուրջ ձևավորվող անվտանգության միջավայրի, ինքնիշխանության և տարածաշրջանում Հայաստանի տեղի ու դերի վրա:

«Հայաստանը կհաղթահարի այս ընթացքը միայն այն դեպքում, եթե պատերազմին նախորդած, բուն պատերազմի ու դրան հաջորդած ժամանակահատվածի դիվանագիտական, ռազմական, քաղաքական պայմանավորվածություններն ու դրվագները մանրամասն վերլուծվեն ու հանրայնացվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Հասկանալի է, որ դա գործող ռեժիմի իշխանավարման ընթացքում անհնար է ու դա պայմանավորված է ոչ միայն այս իշխանության՝ իրավիճակի բերումով ստանձնած կարգավիճակով, այլ նաև նրանով, որ այս 5 տարիների իրադարձությունները ցույց են տվել, որ կառավարչի միակ նպատակը փաստերի ու իրական գործընթացների «սվաղումն» ու պատերազմի ողբերգական ելքն ըստ քաղաքական նպատակահարմարության օգտագործումն է»,- ասաց Տ.Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ պատերազմից 5 տարի անց պարտության գլխավոր պատասխանատունները ոչ թե բանտում են, այլ հոխորտում են, սպառնում են, շանտաժի ենթարկում սեփական հասարակությանը և որպես օրակարգ դիտարկում ոչ թե պատերազմի հանգամանքների պարզումն ու դրանից բխող իրավական գործընթացները, այլ իշխանության երկարաձգումը:

«Այս շղթայական պարտությունները մեր երկրին բերել և կանգնեցրել են մի կետում, որտեղ բոլոր ընտրությունները վատի ու վատթարագույնի միջև են: Հայաստանի իշխանությունն իրականում շարժվում է «կախյալ Հայաստանի» կոնցեպտով, որտեղ առաջնայինը ոչ թե երկրի պետական և ազգային շահերն են, այլ նեղ կուսակցականը:

Գործող կառավարչին այլևս հետաքրքիր չէ սեփական երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը, որովհետև դա անորոշ հեռանկարով արդեն արտապատվիրակված է երրորդ կողմին և որում ինքն ունի բացառապես լուռ լսելու և կատարելու գործառույթ»,- ասաց Տ.Աբրահամյանը:

Աղբյուր՝ AntiFake.am