Օգտագործվել է ԱԱԾ տնօրենի հաղորդած տեղեկատվությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման վերաբերյալ հարցմանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը ոչ թե պարզաբանում է տալիս, այլ ցուցադրում է պետական ինստիտուտների ամենավտանգավոր արատներից մեկը՝ պատասխանատվությունից համակարգված խուսափումը։
Հանձնաժողովը փաստացի չի վիճարկում, որ նախընտրական ելույթի ընթացքում օգտագործվել է ԱԱԾ տնօրենի հաղորդած տեղեկատվությունը։ Չի էլ փորձում գնահատել՝ արդյոք վարչապետի պաշտոնակատարի կողմից ուժային կառույցից ստացված տվյալների հրապարակային օգտագործումը կարող էր դիտարկվել որպես պաշտոնեական դիրքի առավելություն։ Փոխարենը՝ ամբողջ պատասխանն կառուցված է մեկ գաղափարի շուրջ․ «դա մեր լիազորությունից դուրս է»։
Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց․ եթե վարչական ռեսուրսի, պաշտոնեական դիրքի և պետական լծակների կիրառման քաղաքական զգայուն դեպքերում հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրաժարվում է նյութական գնահատական տալուց, ապա ո՞րն է այդ մարմնի իրական գործառույթը
Հիշեցնենք, որ կոռուպցիան միջազգային ընդունված ձևակերպմամբ պետական կամ վստահված իշխանության չարաշահումն է՝ մասնավոր, քաղաքական կամ խմբային շահ ստանալու նպատակով։ «Թրանսփարենսի ինթերնեշնըլը» կոռուպցիան սահմանում է որպես «վստահված իշխանության չարաշահում անձնական շահի համար»։ Քաղաքական կոռուպցիան այդ երևույթի առավել վտանգավոր ձևերից է, երբ պետական իշխանությունը, վարչական ռեսուրսը, ուժային կառույցները կամ պաշտոնեական լծակները օգտագործվում են քաղաքական ազդեցություն պահպանելու, ընդդիմախոսներին թիրախավորելու կամ ընտրական գործընթացների վրա անհավասար ազդեցություն գործադրելու նպատակով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում