«Նիկոլական օրակարգը» բացարձակ չարիք է, և այն հնարավոր չէ ծառայեցնել ազգի շահեր. Պողոսյան
Արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Երկրորդ և Երրորդ Գերագույն Գլխավոր Հրամանատարներին ուղղված «հորդոր» հնչեց՝ թողնելու քաղաքական ասպարեզը և չմասնակցելու ընտրություններին։ Զավեշտալին այն էր, որ այդ «սուպերնիկոլական» եզրույթն այս անգամ հնչեցրեց «Պլատոնը», որը թեև ընկեր է, բայց ճշմարտության դեմ նման մեղք գործել չէր կարելի։ Իհարկե, նա Պլատոնը չէ, ես էլ, մեղմ ասած, Արիստոտելի «բարձունքի» ստորոտում եմ հանգրվանում, սակայն կուզենայի մի լակոնիկ և հնարավորինս անաչառ կարծիքով կիսվել։ «Նիկոլական օրակարգը» բացարձակ չարիք է, և այն հնարավոր չէ ծառայեցնել ազգի շահերին։ Անհրաժեշտ է ընկալել մի պարզ աքսիոմատիկ ճշմարտություն․ այն է, որ մեր ախոյանը բնավ բթամիտ չէ և չի թույլ տա, որպեսզի որևէ մեկն իր պղտորած ջրում ձուկ որսա։ Հետևաբար՝ առավել զավեշտալի է հնչում «նիկոլական» խոսույթը ընդդիմադիր անձի շուրթերից։ «Նիկոլական օրակարգը» միայն իր օրակարգն է՝ ուղղված իր շահերին, և նրա հետ ընդդիմությունը չի կարող ունենալ որևէ միասնական նպատակ, քանզի «նիկոլական» նպատակը հիասթափված ժողովրդով լեցուն ապազգային պետության շրջանակներում իր «թրքահոժար իշխանությունը» վերարտադրելն է։ «Նիկոլական նարատիվի» ջրերն ընկնելով՝ հնարավոր է միայն «հավատարիմ և կառավարելի ընդդիմության» աթոռները զբաղեցնել։ Սա ի սկզբանե քանդված ճանապարհ է, որը հղի է ընդդիմության ուժերի փոշիացման վտանգով։ Անձամբ ես երբևէ չեմ պատկերացնում ինձ այս ճանապարհով քայլելիս, նույնիսկ այն պարագայում, եթե Աստված մի արասցե, Գերագույն Գլխավոր Հրամանատարները պայքարից դուրս գան»:
Աղբյուր՝ AntiFake.am