Բեռնում...
ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել
10-08-2026 23:08 | Լուրեր

ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր օտարերկրյա քաղաքացիների ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել՝ վիզային ռեժիմի խախտումների, հանցագործությունների, խարդախության և ազգային անվտանգության սպառնալիքների պատճառով։

«Նախագահ Թրամփի օրոք ԱՄՆ Պետդեպարտամենտը չեղարկել է ավելի քան 175 հազար օտարերկրյա քաղաքացիների վիզա, որոնք խախտել են վիզաների պայմանները, հանցագործություններ են կատարել, կոչ են արել բռնություն կիրառել ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ, խաբել են ամերիկացիներին, չարաշահել են մեր ներգաղթի համակարգը կամ սպառնալիք են ներկայացրել ազգային անվտանգությանը», — ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ վիզաների մեծ մասը չեղարկվել է դրանց կրողների՝ տարբեր տեսակի հանցավոր գործունեության հետ կապված իրավապահ մարմինների հետ շփումների պատճառով։ Հիմնական պատճառների թվում են եղել հարձակումները, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, գողությունները և թմրանյութերի հետ կապված հանցագործությունները։

Վիզաների զգալի մասը չեղարկվել է նաև վտանգավոր վարելու, սեռական բնույթի հանցագործությունների, երեխաների նկատմամբ բռնության, խարդախության, յուրացման և այլ հանցագործությունների համար։

Պետդեպարտամենտում նշել են, որ վիզաների չեղարկումները մշտական ստուգումների արդյունք են, որոնց նպատակն է համոզվել, որ վիզա ունեցողները պահպանում են դրա պայմանները և վտանգ չեն ներկայացնում ԱՄՆ քաղաքացիների համար։