Բեռնում...
ՔՊ-ը բաց տեքստով ազդարարում է իր հակաեկեղեցական քաղաքականությունը՝ որպես նախընտրական ծրագիր, խոստում. Վլադիմիր Մարտիրոսյան
04-04-2026 19:22 | Վերլուծություն

ՔՊ-ը բաց տեքստով ազդարարում է իր հակաեկեղեցական քաղաքականությունը՝ որպես նախընտրական ծրագիր, խոստում. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «ՀԱՍԵ Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին մասնակցող սիրելի հայ մարդիկ: Հենց այսօր, երբ բոլորս եկեղեցիներում մասնակցում ենք Ճրագալուցի Ս.Պատարագին, որն ազդարարում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ սկսելով Սուրբ Զատկի տոնակատարությունը նույն օրը ՔՊ-ն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որում շատ ուղիղ և բաց տեքստով ազդարարում է իր հակաեկեղեցական քաղաքականությունը՝ որպես նախընտրական ծրագիր, խոստում։

Սա արդեն նախընտրական ծրագիր է։ Ծրագրում հստակ գրված է՝ մտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներս, փոխել ղեկավարությունը, նշանակել տեղապահ, վերաձևել կառավարման համակարգը և վերջում՝ ձևավորել «նոր» եկեղեցի՝ քաղաքական իշխանության կամքին համապատասխան։

Սա բարեփոխում չէ, սա ներխուժում է։ Սա քաղաքական իշխանության հայտ է՝ վերահսկելու այն ինստիտուտը, որը չի ենթարկվում իրեն։ Արշավը տապալվեց այն հիմա ունի ծրագրային և խոստումային բնույթ, որը ենթակա է լեգիտիմացման:

Եվ հիմա հենց այս սուրբ օրով և ոչ հետո ցանկանում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են ձայն տալ ՔՊ-ին, բայց ներսում չեն ընդունում այս հակաեկեղեցական քաղաքականությունը և ոչ էլ խորքում ՔՊ-ին, բայց արդյունքում ձայն են տալու նրանց: Մի փորձեք ձեզ հանգստացնել։ Մի փորձեք ասել՝ «ես այլ պատճառով եմ ընտրում», «ես դրա հետ համաձայն չեմ, բայց…»։ Այստեղ «բայց» արդեն չկա, քանի որ այս ընտրությունից հետո ձեր ձայնը չի մնալու ձեր անձնական բացատրությունների մեջ։

ՔՊ-ն ձեր ձայնը վերցնելու է և վերածելու է եկեղեցու դեմ «հանրաքվեի» արդյունքի։

Ձեր քվեն գրանցվելու է ոչ թե ձեր մտադրությամբ, այլ իրենց քաղաքական գործողության մեջ։

Որպես «կողմ» ձայն։

Որպես լեգիտիմություն։

Որպես հիմնավորում՝ ասելու՝ «ժողովուրդն է որոշել»։Եվ այդ «ժողովուրդի» մեջ դուք եք լինելու։

Ձեր քվեն։

Ձեր անունը։

Ձեր պատասխանատվությունը։

Եթե դուք չեք ընդունում եկեղեցու նկատմամբ այս քաղաքականությունը, բայց միևնույն է տալիս եք ձեր ձայնը ՔՊ-ին, ապա դուք պարզապես ընտրող չեք։ Դուք դառնում եք այդ որոշման համահեղինակը։

Դուք ձեր քվեով բացում եք այն դուռը, որը ձեր իսկ համոզմամբ չպետք է բացվի։ Դուք ձեր ձեռքով լեգիտիմացնում եք այն, ինչ ներսում մերժում եք։ Սա արդեն սխալ ընտրություն չէ։ Սա գիտակցված հակասություն է և ամենակոպիտ ձևով՝
ինքնախաբեություն։

Մինչև հիմա կարելի էր արդարանալ։ Ասել՝

«այլընտրանք չկա»,«մյուսներն ավելի վատն են», «հիմա ժամանակը չէ»։

Բայց երբ խոսքը գնում է ինստիտուցիոնալ կարմիր գծի խախտման մասին, այդ բոլոր արդարացումները դադարում են աշխատել։

Որովհետև սա արդեն քաղաքական նախընտրություն չէ։ Սա Ձեզ պարտադրված բարոյաքաղաքական ընտրություն է։

Կամ դուք ընդունում եք այդ քաղաքականությունը՝ և այդ դեպքում ձեր ձայնը տրամաբանական է։ Կամ դուք չեք ընդունում այն՝ և այդ դեպքում ձեր ձայնը դառնում է ձեր արժեքների դեմ քվեարկություն։ Միջանկյալ դիրք այլևս չկա։

Ու հիմա ամենակարևոր հարցը սա է պատրա՞ստ եք ձեր ձայնը դարձնել եկեղեցու դեմ «կողմ» ձայն։ Եթե ոչ՝ մի տվեք այդ ձայնը։Որովհետև այս անգամ ձեր քվեն պարզապես իշխանություն ձևավորելու մասին չէ։

Այս անգամ ձեր քվեն օգտագործվելու է՝

եկեղեցու դեմ քաղաքական որոշումը «ժողովրդի կամք» ներկայացնելու համար։

Եվ այդ պահին այլևս ոչ մի արդարացում չի աշխատելու։ Սա ձեր ընտրությունն է։

Բայց այս ընտրության մեջ դուք ընտրում եք ոչ թե իշխանություն։ Դուք ընտրում եք՝ ձեր սկզբունքների կողմն եք, թե դրանց դեմ եք գնում:

P.S. Այսպես անհիշատակ ու անփառունակ կավարտվեր Քրիստոսի ու քրիստոնեության պատմությունը, եթե մահը հաղթեր կյանքին, և եթե կնքված մնար գերեզմանի քարը։ Կավարտվեր, եթե չհնչեր խավարը ճեղքող հրեշտակաձայն ավետիսը «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»»:

Աղբյուր՝ AntiFake.am