Իսրայելը կշարունակի հարվածները «Հեզբոլլահ»-ին, «որտեղ անհրաժեշտ լինի». Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կշարունակեն հարվածել լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը, «որտեղ անհրաժեշտ լինի»։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Մեր ուղերձը հստակ է՝ յուրաքանչյուր ոք, ով կգործի Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ, կթիրախավորվի։ Մենք կշարունակենք հարվածել «Հեզբոլլահ»-ին, որտեղ անհրաժեշտ լինի, մինչև չվերականգնենք հյուսիսի բնակիչների լիակատար անվտանգությունը», – ասել է նա։
Նեթանյահուի այս մեկնաբանությունից առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Քասեմի քարտուղար և եղբորորդի Ալի Յուսուֆ Հարշիի սպանության մասին։
Իսրայելն ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնությունից հետո հայտարարել էր, որ այն չի տարածվում Լիբանանի վրա։ Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակական հարվածները հավասարազոր են համաձայնագրի «լուրջ խախտման»։ Իր հերթին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ համաձայնությունը չէր ենթադրում, որ հրադադարը տարածվելու է նաև Լիբանանի վրա։
Իսրայելական հարվածներից ապրիլի 8-ին Լիբանանում 182 մարդ է զոհվել։ Երկրում ապրիլի 9 սգո օր է հայտարարվել։
Աղբյուր՝ AntiFake.am