Փեզեշքիանը հայտարարել է պատերազմի դադարեցման պայմանները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրահրված պատերազմի դադարեցման պայմանները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փեզեշքիանը նշել է X հարթակում գրառման մեջ։
«Ռուսաստանի և Պակիստանի առաջնորդների հետ զրույցում ես վերահաստատեցի Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից հրահրված այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհն Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և ապագա ագրեսիայի դեմ միջազգային ամուր երաշխիքները», – նշել է նա:
Իրանի նախագահը գրառումը տարածել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ առանձին հեռախոսազրույցներից հետո։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։
Աղբյուր՝ AntiFake.am