Բեռնում...
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում գերմանացի զինվորներ չեն լինի
18-08-2025 18:55 | Լուրեր

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում գերմանացի զինվորներ չեն լինի

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը դեմ է արտահայտվել գերմանական զորքերի Ուկրաինա ուղարկելուն, նույնիսկ պատերազմի հնարավոր ավարտից հետո՝ որպես խաղաղապահների։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronew-ը։

Նրա խոսքով՝ Բունդեսվերն արդեն ունի բրիգադ, որը տեղակայված է Լիտվայում։

«Եթե մենք զորքեր տեղակայենք նաև Ուկրաինայում, կարող է բավարար ուժեր չունենանք»,-ասել է նախարարը՝ շեշտելով, որ խաղաղապահ առաջադրանքները կարող են իրականացվել առանց Բունդեսվերի ներգրավման։

Մայիսին ստեղծված բրիգադը նախատեսված է ՆԱՏՕ-ի արևելյան թևը Ռուսաստանից եկող սպառնալիքի դեմ ամրապնդելու համար։ Նախատեսվում է Գերմանիայից մոտ 5000 զինվորական և քաղաքացիական անձ տեղակայել Լիտվայում։ Այժմ այնտեղ տեղակայված է մոտ 700 գերմանացի զինվոր։ Լիտվացի պաշտոնյաների խոսքով՝ բրիգադը պետք է լիովին գործունակ լինի մինչև 2027 թվականը։

Ուկրաինայի հետ կապված հայտարարության առթիվ Գերմանիայի ԱԳ նախարարն արժանացել է խիստ քննադատության ինչպես իր կուսակիցների, այնպես էլ քաղաքական հակառակորդների կողմից։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1227499