Շնորհակալ եմ Ձեր նվիրումի, համբերության ու սիրո համար. Սամվել Կարապետյանը շնորհավորել է ուսուցիչներին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գրում է. «Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։
Մեծանալով մանկավարժների ընտանիքում` մանկուց եմ զգացել, որ մեր տան երեխաները չէին միայն մեր ծնողների զավակները։ Նրանց յուրաքանչյուր աշակերտ իր հոգսերով ու երազանքներով դառնում էր մեր ընտանիքի մի մասնիկը։ Դասերն ավարտվում էին, բայց աշակերտների հանդեպ հոգատարությունը շարունակվում էր նաև տանը։ Ես իմ աչքով եմ տեսել՝ ուսուցչի գործը պարզապես աշխատանք չէ, այլև նվիրում։
Եվ այսօր էլ, գիտեմ, շատ ուսուցիչներ իրենց սաներին ընդունում են որպես հարազատ զավակների՝ նույն սրտացավությամբ հավատալով նրանց ուժերին ու մտահոգվելով նրանց ապագայով։
Սիրելի՛ մանկավարժներ,
Այսօր Ձեր առաքելությունն առավել քան կարևոր է։ Ձեր ուսերին չափազանց ծանր բեռ կա՝ սերունդներին փոխանցել նաև դասագրքերից ջնջվող պատմությունը, սովորեցնել ճանաչել ու գնահատել ազգային արժեքները։
Մեր երեխաներին անհրաժեշտ են մրցունակ գիտելիքներ։ Դրա հետ մեկտեղ նրանք պետք է դաստիարակվեն ազգային ինքնության ամուր գիտակցմամբ։ Առաջիկա տարիներին հենց կիրթ ու ազգանվեր քաղաքացիներն են ապահովելու մեր պետության ուժն ու սպառնալիքներին դիմակայելու կարողությունը։
Աննահա’նջ եղեք այս առաքելության մեջ։ Կիրթ, իր պատմությունը ճանաչող և ինքնությունը գնահատող քաղաքացիներ մեծացնելը և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն։
Շնորհակալ եմ Ձեր նվիրումի, համբերության ու սիրո համար։ Մաղթում եմ առողջություն, ուժ և Ձեր սաների հաջողություններով հպարտանալու անթիվ առիթներ։
Շնորհավո՛ր Ձեր տոնը»:
Աղբյուր՝ AntiFake.am