Բեռնում...
Թրամփը հաստատել է թմրավաճառների դեմ ցամաքում ևս պայքարելու մտադրությունը
25-12-2025 14:38 | Լուրեր

Թրամփը հաստատել է թմրավաճառների դեմ ցամաքում ևս պայքարելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի զինվորականներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորելիս նշել է ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ հաջողված գործողությունները՝ հաստատելով դրանց դեմ պայքարելու իր մտադրությունը նաև ցամաքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը տարածել է Fox9 հեռուստաալիքը։

«Հավանաբար, լսել եք, որ ծովով թմրանյութերի մաքսանենգությունը նվազել է 96%-ով։ Հիմա մենք ցամաքում ենք դա անելու։ Ցամաքով ավելի հեշտ է», – նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել նաև Առափնյա պահպանության ծառայությանը թմրանյութերի ապօրինի մուտքը երկիր կանխելու համար, ինչպես նաև «Ջերալդ Ֆորդ» ավիակրի անձնակազմին, որը ներկայում տեղակայված է Կարիբյան ծովում։ «Այժմ Կարիբյան ծովը հետաքրքիր վայր է», – նշել է նա։

ԱՄՆ-ն մի քանի ամիս է՝ ճնշման արշավ է իրականացնում Վենեսուելայի դեմ, այդ թվում՝ Կարիբյան ավազանում հազարավոր զինվորների և ավիակիրների հարվածային խմբի տեղակայմամբ, թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավերի և անձանց վրա հարձակումներով և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հասցեին սպառնալիքներ հնչեցնելով։

Ավելի վաղ ԱՄՆ-ն կալանել է Վենեսուելա ուղևորվող նավթատար լցանավեր, որոնք պատժամիջոցների տակ են գտնվում։

Աղբյուր՝ AntiFake.am