Բեռնում...
Բրիտանիան կարող է դառնալ ՌԴ-ի դեմ պատերազմի մասնակից․ Լավրով
18-08-2026 23:58 | Լուրեր

Բրիտանիան կարող է դառնալ ՌԴ-ի դեմ պատերազմի մասնակից․ Լավրով

Ռուսաստանը իրավունք ունի բրիտանական հրթիռային ուժերի՝ Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածներին ուղղակի մասնակցությունը դիտարկել որպես պատերազմին մասնակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Գիտեք, ես ցավում եմ Բրիտանիայի համար, եթե այն մինչև վերջ Ուկրաինայի կողքին լինի։ Իսկ ինչ վերաբերում է բուն հարցին, (…) դա միայն մեկ բան է նշանակում․ նախագահը նախազգուշացրել է, որ մենք իրավունք ունենք գործելու Համաշխարհային օվկիանոսի ցանկացած հատվածում, եթե որևէ մեկը ոտնձգություն կատարի մեր շահերի կամ սեփականության նկատմամբ։ Մենք նույնպես լիովին իրավունք ունենք բրիտանական հրթիռային ուժերի՝ Ռուսաստանի ուղղությամբ հարվածներին հպարտորեն հայտարարված ուղղակի մասնակցությունը դիտարկել որպես պատերազմին մասնակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- «Վեստի» տեղեկատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին ասել է Լավրովը։

ՌԴ նախարարը, մասնավորապես, մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմի հայտարարությունն այն մասին, որ Լոնդոնը «մինչև վերջ լինելու է Ուկրաինայի կողքին»։

Նախօրեին Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ բրիտանական ԶԼՄ-ների հրապարակումները՝ Ուկրաինայի կողմից բրիտանական անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու վերաբերյալ, «հաստատում են, որ Լոնդոնը միտումնավոր ընտրում է ուկրաինական ճգնաժամի սրումը՝ կեղծավորաբար հայտարարելով խաղաղության ձգտման մասին»։

Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում հավելել են, որ «որքան խորն է Լոնդոնի ներգրավվածությունը հակամարտության մեջ» և որքան մեծ է նրա աջակցությունն Ուկրաինային, «այնքան բարձր կլինի այն գինը, որը նա կվճարի»։

Դրանից հետո Բերնհեմը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան շարունակելու է «100 տոկոսով աջակցել Ուկրաինային»։