Բեռնում...
Գևորգ Պապոյանը հանդիպել է ջերմոցատերերին, խեղճացած ասել է, որ այս պահին դա հնարավոր չէ. «Հրապարակ»
04-06-2026 11:07 | Մամուլի տեսություն

Գևորգ Պապոյանը հանդիպել է ջերմոցատերերին, խեղճացած ասել է, որ այս պահին դա հնարավոր չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել էր խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ և քննարկել առկա խնդիրները։ Չնայած պաշտոնական հաղորդագրությունը բավականին զուսպ է, և հպանցիկ անդրադարձ կա ջերմոցատերերի առջև ծառացած մարտահրավերներին, նշվում է, թե անդրադարձ է կատարվել «արտահանման դիվերսիֆիկացիային»:

Սակայն, մեր տեղեկություններով, բավականին թեժ քննարկում է ծավալվել, բայց այդպես էլ նախարարը չի կարողացել տնտեսվարողներին լուծում առաջարկել։ Հիշեցնենք․ Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակել է Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնատեսակների, «Ջերմուկի», կոնյակի և ծաղիկների ներկրումը Ռուսաստան։

Մեզ պատմեցին, որ Պապոյանը ջերմոցատերերին առաջարկել է օգնություն, ավելի ճիշտ՝ ասել է, թե ինչով կարող է պետությունն օգնել, որ նրանք շատ չտուժեն, սակայն ջերմոցատերերը միաբերան պնդել են, որ իրենց ամենամեծ խնդիրը շուկան է, եվրոպական շուկա արտահանելու սերտիֆիկացիա չունեն, իսկ ռուսականն էլ, փաստորեն, իրենց առջև իշխանության թեթև ձեռամբ փակվել է, ուստի միակ լուծումն այդ շուկան բացելն է:

Պապոյանը խեղճացած ասել է, որ այս պահին դա հնարավոր չէ, ինչը վրդովեցրել է ջերմոցատերերին։ Նրանք հիշեցրել են իշխանության խոստումները, թե տնտեսություն հիմնեք, գործ դրեք, մենք ձեր թիկունքին կկանգնենք, իրենք էլ մեծ ներդրումներ են արել, վարկեր վերցրել ու այսօր կանգնել փաստի առաջ։ Ջերմոցատերերը հեռացել են դժգոհ և առանց լուծումների»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։