Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2024 թվականին սահմանազատման անվան տակ, միակողմանի ու ապօրինի կերպով Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար հող hանձնվեց Ադրբեջանին։
Այդ հողերի սեփականատերերին կառավարության գաղտնի որոշումով դրամական մեծ փոխհատուցումներ առաջարկեցին։ Կիրանցից 6 ընտանիք սկզբունքորեն հրաժարվել է դրամական փոխհատուցում ստանալուց, ասելով, որ դեմ են հերոսների արյամբ, նրանց կյանքի գնով պաշտպանած հողերը Ադրբեջանին հանձնելուն եւ հողի դիմաց փող վերցնելը բարոյական չէ։ Իսկ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերի դիմաց դրամական փոխհատուցում ստացած բնակիչներն արդարանում են, որ իրենք իրենց հողերը հանձնել են ոչ թե Ադրբեջանին, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը, պետությանը եւ ՀՀ պետությունն է իրենց փոխհատուցում վճարել։
Կառավարությունը վաղ թե ուշ պետք է պատասխանի հարցին, թե ինչի դիմաց են հանձնվել այդ հողերը։ Եւ ինչու են հանձնվել՝ եթե ամբողջական սահմանազատում կատարված չէ եւ հայտնի չէ, թե ինչ քարտեզների հիման վրա է դա կատարվելու։ Բացի այդ՝ մեր սուվերեն տարածքից երբ են հակառակորդի զորքերը դուրս գալու եւ մեզ անվիճելիորեն պատկանող հողերը հետ վերադարձնելու։