Բեռնում...
ՀՀԿ-ի «ճանապարհային քարտեզը». 4 կոնցեպտուալ առաջարկ ընդդիմությանը
07-04-2026 12:25 | Կարծիք

ՀՀԿ-ի «ճանապարհային քարտեզը». 4 կոնցեպտուալ առաջարկ ընդդիմությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«4 կոնցեպտուալ առաջարկ ընդդիմությանը։

1.Ինչպես գիտեք, մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է երկու խոշոր միջոցառում. նախ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հետո՝ Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովը։

Եվ մենք, որպես փորձառու և պատասխանատու կուսակցություն, առաջարկում ենք մյուս ընդդիմադիր ուժերին, որոնք ըստ ամենայնի զբաղված կլինեն բացառապես իրենց քարոզարշավներով, մեզ վերապահել այդ միջոցառումների օրերին համատեղ, կրկնում եմ՝ համատեղ, ձեռնարկումներ մշակելու և իրականացնելու գործը։

2.Շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրություններին ռեժիմին հաղթելու համար հարկավոր է մոտիվացնել մեր քաղաքացիներին, ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ։

Մենք հայտարարում ենք, որ Հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը՝ «Գնա, որ գնան» կարգախոսի ներքո՝ տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով:

3.Գաղտնիք չէ, որ այս փուլում իրական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ բացառում են որևէ համագործակցություն իշխող ռեժիմի հետ։

Մենք առաջարկում ենք, որ հիմնական ընդդիմադիր ուժերի նմանօրինակ հայտարարություններից բացի, այդ ուժերի նախընտրական ցուցակի առաջին երեք տասնյակում գտնվողները կապիտուլյանտ ռեժիմի հետ չհամագործակցելու, ընդդիմադիր դաշտը չլքելու բարոյական պարտավորություն վերցնեն՝ ստորագրելով համապատասխան հուշագիր և փաստացի համադրելով քաղաքական և անձնական դիրքորոշումները։

4.Հայտնի է, որ մեր կուսակցության աշխատանքների մեջ կարևոր է եղել ոչ միայն այս ռեժիմի դեմ պայքարը, այլև իշխանափոխությունից հետո մեր երկիրը ստեղծված իրավիճակից հանելու ծրագիրը:

Քանի որ Հանրապետականը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին, ուստի այդ շտեմարանը՝ ծրագրային բազմաթիվ դրույթներով, մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած ընդդիմադիր ուժի, ում դա կհետաքրքրի»։

Աղբյուր՝ AntiFake.am