Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ շինծու քրեական գործը դասական օրինակ է ռեժիմի կողմից chilling effect-ի («սառեցնող ազդեցության») կիրառման
AntiFake.am -ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ շինծու քրեական գործը դասական օրինակ է ռեժիմի կողմից chilling effect-ի («սառեցնող ազդեցության») կիրառման։
Այստեղ ռեժիմի գործողությունները կառուցված են հետևյալ տրամաբանությամբ.
1. Պատժվում է ոչ թե արարքը, այլ խոսքը
Քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում մի բառ օգտագործելու համար («հետույք»)՝ որպես պատասխան Ազգային ժողովի խոսնակի վարքագծի վերաբերյալ քաղաքական մեկնաբանությանը։
Սա ուղերձ է բոլորին. եթե նույնիսկ կտրուկ չես, եթե միայն բառով ես արձագանքում իշխանավորին, կարող ես հայտնվել անազատության մեջ։
2. Թիրախավորվում են ճանաչելիություն ունեցող մեդիադեմքեր
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը պատահական անձինք չեն.
• նրանք հանրային դեմքեր են
• վարում են լայն լսարան ունեցող քաղաքական փոդքասթ
• ունեն ազդեցություն հանրային կարծիքի վրա
Սա գիտակցված ընտրություն է․ իշխանությունը պատժում է տեսանելի, որպեսզի վախենան անտեսանելի հազարավորները։
3. Պատիժը ակնհայտ անհամաչափ է
Խոսքի համար կիրառվում են՝
• դիմակավորված ուժային ներխուժումներ
• զանգվածային խուզարկություններ
• լրատվականի տեխնիկայի ամբողջական առգրավում
• կալանք
Այս անհամաչափությունը չի ծառայում արդարադատությանը։ Այն ծառայում է վախի տարածմանը։
Ուղերձը պարզ է. «Մենք կարող ենք անել ամեն ինչ, և ոչ ոք պաշտպանված չէ»։
4. Լրատվամիջոցի ամբողջական կաթվածահարումը որպես օրինակ
AntiFake.am-ի տեխնիկայի առգրավումը—նույնիսկ այն սարքավորումների, որոնք ֆիզիկապես չեն կարող պարունակել տվյալներ—չի ունեցել քննության որևէ իրավական անհրաժեշտություն։
Դա ունեցել է մեկ նպատակ՝ ցույց տալ, որ ցանկացած անկախ ԶԼՄ կարող է մեկ օրում լռեցվել։
Սա chilling effect է ոչ միայն տվյալ լրատվականի, այլ ամբողջ մեդիա դաշտի համար։
5. Հավանական սպառնալիք այլոց համար
Այս գործից հետո լրագրողը, փոդքաստավարը, ակտիվիստը կամ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդը ինքն իրեն հարց է տալիս.
• արժե՞ խոսել
• արժե՞ քննադատել
• արժե՞ բառ ընտրել
Եվ երբ մարդը լռում է ոչ թե համոզմունքից, այլ վախից, հենց այդ պահին chilling effect-ը հաջողել է։
Այս գործի նպատակը Նարեկ Սամսոնյանին կամ Վազգեն Սաղաթելյանին «դաստիարակելը» չէ։
Իրական նպատակը հետևյալ ուղերձն է հանրությանը. «Եթե դուք մեզ ծաղրում եք, քննադատում եք կամ կասկածի տակ եք դնում մեր վարքագիծը՝ անգամ բառով, մենք կգտնենք ձեզ լռեցնելու ձևը»։
Այսպիսի հետապնդումները.
• խախտում են խոսքի ազատության էությունն ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի
• ստեղծում են վախի մթնոլորտ, որը անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում
• չեն ենթադրում զանգվածային ազատազրկումներ, այլ «սառեցնող ազդեցություն» են ունենում ամբողջ հասարակության վրա։
Եվ սա հենց chilling effect-ի դասական, գրեթե դասագրքային օրինակ է։
Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և AntiFake.am-ի գործը միայն մեր դեմ հետապնդումների մասին չէ։ Այն նախազգուշացում է ամբողջ հասարակությանը։ Երբ ռեժիմը սկսում է բանտարկել մարդկանց բառերի համար, հաջորդը լինում է լռության պարտադրանքը։ Սա է chilling effect-ը՝ ամբողջ ծավալով»: