Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ խաղերի մեջ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գրառումը․
«Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար չպետք է, ավելին, իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական) խաղերի մեջ: Չպետք է այնքան միամտություն ունենա, որ կարծի, թե կարող է գերտերություններից մեկին մի բան խոստանալ, իսկ մյուսին՝ մի այլ բան, ու այդ «խորամանկ քաղաքականության» շնորհիվ հասնել ինչ-որ հաջողության:
Հնարավոր չէ որևէ գերտերության թիկունքում գործարքներ կնքել, որոնց մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինեն մյուս գերտերությունները: Բոլոր գերտերություններն էլ տիրապետում են հետախուզական այնպիսի հզոր հնարավորությունների, որ փոքր երկրները հազիվ թե կարողանան նրանցից որևէ գաղտնիք թաքցնել: Հետևաբար, փոքր պետությունների ղեկավարները գերտերությունների հանդեպ պետք է առավելագույնս անկեղծ լինեն:
Վերջիններիս կողմից նման վարքագիծն անպայման կգնահատվի, և եթե դրանից նույնիսկ որևէ բան չշահես, ապա հաստատապես ոչինչ չես կորցնի: Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած՝ որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», երկու լարի վրա խաղալով՝ կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»: Այդ լարերից մեկը, իսկ երբեմն՝ երկուսն էլ, ի վերջո, անխուսափելիորեն կփաթաթվեն նրա վզին»:
Աղբյուր՝ AntiFake.am