Շաբաթ կիրակիների քաղաքական մեխանիկան. Վլադիմիր Մարտիրոսյան
«Ողջ քրիստոնեական աշխարհում կիրակին Աստծունն է։ Մի օր, որը մարդը հանձնում է իրենից վերինին։ Մի օր, որտեղ մարդը լռում է, որպեսզի խոսի հավատը։ Բայց Հայաստանում այդ լռությունը խլված է։ Այստեղ կա մեկը, ով չի ճանաչում սահմաններ՝ ոչ սուրբի, ոչ պետականի, ոչ ազգայինի միջև: Նա չի կառավարում միայն պետությունը այլ փորձում է ներթափանցել ամեն ինչի մեջ։ Եկեղեցուց մինչև պետություն, պետական խորհրդանիշներից մինչև մշակույթ, ընտանիքից մինչև հավատ»,-գրում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ շարունակելով.
«Նա ներթափանցում է ոչ թե պաշտպանելու, այլ՝ իր ներկայությամբ վերաձևելու։ Նա մտնում է այնտեղ, որին չի պատկանում և իր ներկայությամբ փոխում է իմաստը։
Որովհետև նրա համար կարևոր չէ՝ այդ վայրը։ Կարևոր է, որ այնտեղ լինի ինքը։ Եվ այդ պահին սուրբը դադարում է լինել սուրբ, սակրալը դադարում է լինել անձեռնմխելի և դառնում է դեկոր, դառնում է ֆոն, դառնում է նյութ՝ իր մասին խոսելու համար։
Եռաբլուրը նրա համար հիշատակի վայր չէր։ Այն դարձավ իր ներկայության բեմ, երբ նա խնդիր դրեց ներխուժմամբ պատնեշ կոտրել: Նա այնտեղ չգնաց խոնարհվելու նա այնտեղ գնաց՝ իրեն դնելու կենտրոնում:
Նույնը Սուրբ Աննայում այս կիրակի: Այնտեղ աղոթող մարդիկ կարևոր չէին և նրանց զգացումները չէին կարևոր։ Կարևոր էր, որ նա լիներ այնտեղ, մտներ այնտեղ, դառնար այդ վայրի առանցքը։ Սա պարզապես վարք չէ այլ քաղաքական հոգեբանություն է։ Երբ իշխանությունը այլևս չի սահմանափակվում ինստիտուտներով,
այլ սկսում է ներխուժել սիմվոլների, հավատքի և սրբության տարածք։ Սա այն պահն է, երբ իշխանությունը փորձում է դառնալ ոչ միայն կառավարող,
այլ նաև՝ իմաստ սահմանող։
Եվ հենց այստեղ է վտանգը, որովհետև երբ սուրբը կորցնում է իր սահմանը,
երբ սակրալը դառնում է հասանելի յուրաքանչյուրի կամքով,
հասարակությունը կորցնում է իր հենասյուները։ Եվ մնում է միայն մեկը՝
նա, ով ամենուր է և նույնիսկ Աստծո կիրակին է լցնում իրենով:
Ինձ անդադար տալիս են մեկ հարց՝
լավ սա ի՞նչ է անում, ինչու՞ է անում, ինչի՞ համար է նա այսքան շատ ներկա մեր կյանքում, ինչու՞ է դառնում մեր կյանքի մաս մեր կամքից անկախ։
Բացատրում եմ հայերեն բառերով և քաղաքական իմաստով։
Սա այլևս դասական քաղաքականություն չէ։ Սա իշխանության պահպանման մեթոդ է, որտեղ խնդիրը միայն կառավարելը չէ, այլ միջավայր դառնալը։ Դասական պետությունը գործում է սահմաններով, իշխանությունը՝ ինստիտուտներով, հասարակությունը՝ արժեքներով։
Բայց երբ իշխանությունը սկսում է կորցնել իր լեգիտիմ հենասյուները,
նա անցնում է մեկ այլ ռեժիմի՝
տարածքների, միջավայրերի, ազդեցության կենտրոնների ընդլայնման ոչ միայն ֆիզիկական, այլ իմաստային ճանապարհով։ Նա այլևս չի բավարարվում օրենքներով և լիազորություններով նա սկսում է գրավել իմաստներ։
Եվ այստեղ է մեխանիզմը։
Քաղաքական տեխնոլոգիայի այս մոդելը ունի մի պարզ, բայց վտանգավոր բանաձև՝
եթե չես կարող ամբողջությամբ վերահսկել իրականությունը, ապա դարձիր դրա անբաժանելի մասը։ Որովհետև այն, ինչի մեջ դու անընդհատ ներկա ես,
ժամանակի ընթացքում դադարում է ընկալվել առանց քեզ։ Սա է պատճառը, որ նա ամենուր է։ Ոչ թե որովհետև պետք է,
այլ որովհետև դա է նրա գոյության պայմանը։ Նա ներթափանցում է այն տարածքներ, որոնք դուրս են եղել իշխանության անմիջական վերահսկողությունից՝ սրբություն, հիշողություն, ընտանիք, մշակույթ։
Սրանք հասարակության ամենակայուն հենասյուներն են և հենց դրանք են նրա թիրախը: Բայց նա չի քանդում դրանք բացահայտ։ Նա անում է ավելի նուրբ բան։
Նա խառնվում է դրանց մեջ և իր ներկայությամբ, ազդեցությամբ փոխում դրանց որակն ու բնույթը ձևելով դրանք իր շահերին համապատասխան այլ ոչ դրանց բնույթին հատուկ:
Սուրբը դառնում է քննարկելի։
Հիշողությունը՝ վիճելի։
Արժեքը՝ հարաբերական։
Եվ ամենակարևորը՝
դրանք այլևս չեն մնում ինքնուրույն այլ դառնում են իր ներկայության ենթաֆունկցիա։
Կրկին. Եկեղեցի մարդը գնում է Աստծո հետ խոսելու, ոչ թե իշխանության հետ առնչվելու։ Բայց երբ նա մտնում է այնտեղ,
նա բերում է իր հետ իր քաղաքականությունը, իր ընկալումը, իր շահը և ձևում եղածը: Եվ այդ պահին աղոթքը դադարում է լինել կենտրոն և կենտրոն է դառնում ինքը։
Սա պատահական վարք չէ։
Սա համակարգված սիմվոլների գրավման քաղաքականություն է։ Քաղաքագիտության մեջ՝ «իմաստների մոնոպոլիզացիա»։
Երբ իշխանությունը փորձում է դառնալ միակ ֆիլտրը, որի միջոցով հասարակությունը ընկալում է իրականությունը։ Եվ հենց այստեղ է ամենախորը վտանգը, որովհետև երբ իշխանությունը մտնում է սակրալ տարածք,
նա ոչ թե պարզապես «մասնակցում է»,
նա վերակոդավորում է և սա արդեն իշխանություն չէ այլ իմաստային վերահսկողություն է։
Սա է պատասխանը՝ ինչու է նա ամենուր, որովհետև եթե նա դուրս գա այդ տարածքներից, դրանք կվերականգնեն իրենց ինքնուրույն իմաստը և այդ պահից նրա իշխանությունը կկորցնի իր հիմքը։
Այդ պատճառով նա չի կարող չլինել այնտեղ։
Նա պարտավոր է ներխուժել։
Նա պարտավոր է խառնվել։
Նա պարտավոր է լինել ամենուր, որովհետև սա այլևս կառավարում չէ միայն այլ պայքար է իրականության իմաստի մոնոպոլիզացման համար։
Եվ եթե այս գործընթացը չկանգնեցվի,
հասարակությունը կկորցնի ոչ միայն քաղաքական ընտրությունը,
այլ նաև՝ իր սրբությունը, իր հիշողությունը,
իր ինքնությունը։ Վերջում կմնա միայն մեկը՝ նա, ով ամենուր է, իմաստները իրենով իր ընկալումներով ու ֆիլտրերով ներկայացնելու համար:
P.S. Իշխանությունը մտել է վերջնախաղի փուլ։ Այստեղ այլևս չկա մանևրի լայն դաշտ։
Չկա կիսաքայլ, չկա նահանջի սցենար։ Սա այն փուլն է, որտեղ խաղադրույքը մեկն է՝
կամ ամբողջական վերահսկողության պահպանում, կամ համակարգային փլուզում: Ամենուր լինելու և ամենը իրենով լցնելու իմաստը սա է: Բայց իրական ինտրիգը այստեղ չէ։ Իրական հարցը սա է՝ «ով է խաղում նույն դաշտում, նույն ռիսկով, նույն տրամաբանությամբ և նույն վերջնախաղի խաղադրույքով հակաքայլ ու վերջնախաղային հակաքաղաքականություն նրա հանդեպ»: Կրկնում եմ ոչ թե նրա համակարգի ներսում և կանոններով, այլ սեփական համակարգ ստեղծելու և նրան դրսում թողնելու միջոցով: Քաղաքական դաշտում գրեթե բոլորը դեռ զբաղված են դասական ընտրական հաշվարկներով՝ ռեյտինգներ, տոկոսներ, մանդատներ, կոալիցիաներ, ինտրիգներ։ Այսինքն՝ խաղում են միջին խաղ։ Այն դեպքում, երբ իրական խաղը արդեն վերջնախաղ է։
Այս հարցը բաց է շատերի համար, իսկ ինձ համար հիմնավոր փակված: Վերը նշված խորքային մարտահրավերների դեմ քաղաքական, հոգևոր, արժեքային, գոյաբանական, իմաստային և պատվախնդիր ամենավտանգավոր ու խորքային հզոր ախոյանը եղել է մեկը: Մեկը ով մինչ հիմա բանտում է: Ոչ տնային կալանքի, ոչ հանրային ելութների սահմափակման, ոչ էլ վարչական վերահսկողության տակ, այլ բանտում բանտարկված:
Բագրատ Սրբազանի ֆենոմենը շատերդ ընկալել եք քաղաքական ժամանակի և Ձեր ակնկալիքների արագ բավարարման տեսանկունից: Բագրատ Սրբազանի ֆենոմենը ընկալելու ու հասկանալու առիթ դեռ ունենալու եք: Առիթ՝ որի վտանգն ու հերիզոնը այս իշխանությունն ավելի խորքային է հասկացել, քան Սրբազանից արագ սպառողական քաղաքական լուծումներ ակնկալողները: Բանտում նա է, ով վտանգավոր է ոչ թե ռեյտինգի, ձայների, ընտրության, սոցիոլոգիայի առումով այլ ԲԵԿՄԱՆ, կրկնում եմ անվերահսկելի ԲԵԿՄԱՆ ու ՎԵՋՆԱԽԱՂ անելու առումով:
Աստված պահապան Սրբազան:
Աղբյուր՝ AntiFake.am