Վենսի նախազգուշացումը. Թրամփը միակ համաշխարհային առաջնորդն է, որն այժմ համակրանքով է վերաբերվում Իսրայելին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի իսրայելցի հակառակորդներին՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մնում է միակ համաշխարհային առաջնորդը, որը ներկայում բացահայտ կերպով համակրում է Իսրայելին, իսկ Միացյալ Նահանգները հրեական պետության միակ իսկապես ազդեցիկ դաշնակիցն է, գրում է The Times of Israel-ը:
Սպիտակ տանն անցկացված և ամերիկա-իրանական համաձայնագրին նվիրված մամուլի ասուլիսի ավարտին Վենսն իր դժգոհությունն է հայտնել Իսրայելի ղեկավարության առանձին ներկայացուցիչների անունից հնչող քննադատությունների վերաբերյալ:
Ըստ նրա՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձնական զրույցներում դեմ չի արտահայտվել գործարքին, սակայն նրա կաբինետի որոշ անդամներ հրապարակայնորեն հարձակումներ են գործել ինչպես բուն համաձայնագրի, այնպես էլ ԱՄՆ նախագահի վրա։
«Ինձ անհանգստացնում է այն, որ դուք տեսաք, թե ինչպես են Բիբիի կաբինետի մարդկանցիցի ոմանք դեմ արտահայտվում գործարքին և որոշակի չափով անցնում անձնական հարձակումների Միացյալ Նահանգների նախագահի հասցեին»,- հայտարարել է Վենսը:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է առանցքային դեր խաղալ Իսրայելի անվտանգության ապահովման գործում։
«Դոնալդ Թրամփը միակ պետության ղեկավարն է ամբողջ աշխարհում, որը ներկայում համակրանքով է վերաբերվում Իսրայելին։ Եվ դրա հետ մեկտեղ նա գլխավորում է համաշխարհային գերտերությունը։ Եթե ես լինեի իսրայելական կառավարության անդամ, ես չէի հարձակվի այն միակ ազդեցիկ դաշնակցի վրա, որն ինձ դեռ մնացել է աշխարհում»։
Վենսը միաժամանակ Իսրայելին հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից տրամադրվող լայնածավալ ռազմական աջակցության մասին։
«Վերջին երեք ամսվա ընթացքում պաշտպանական սպառազինության երկու երրորդը, որը պաշտպանում էր ձեր երկիրը, արտադրվել է ամերիկյան ձեռքերով և վճարվել ամերիկացի հարկատուների կողմից»,- ընդգծել է նա:
ԱՄՆ փոխնախագահի համոզմամբ՝ Իսրայելի խնդիրը ոչ թե Թրամփի քաղաքականությունն է, այլ երկրի նկատմամբ միջազգային վերաբերմունքի վատթարացումը։ Նա ԱՄՆ նախագահի իսրայելցի քննադատներին կոչ է արել սթափ գնահատել իրավիճակը։
«Իսրայելի խնդիրը Դոնալդ Թրամփը չէ։ Եվ Իսրայելում յուրաքանչյուր ոք, ում թվում է, թե երկրի գլխավոր խնդիրը Միացյալ Նահանգների նախագահն է, պետք է արթնանա և նայի այն իրականությանը, որում գտնվում է այս պետությունը»,- հայտարարել է Վենսը: