Քո ու Նարեկի պոդկաստի պատճառով իրենց մոտ չի ստացվում պոպուլյար դարձնել սեփական կեղծ մարգարեներին. Լիկա Թումանյանը՝ Վազգեն Սաղաթելյանին
Լիկա Թումանյանն իր ֆեյսուքյան էջում գրել է. «Վազь, շնորհավոր 38-ամյակդ։
Տեսնում եմ՝ որոշել ես ծննդյանդ օրը նշել հնարավորինս բացառիկ միջավայրում… դե հա, ոչ բոլորն են կարող դա իրենց թույլ տալ։ Չէ որ, սա Էքսկլյուզիվ ակցիա է իշխանության կողմից՝ կերակրում են ըստ գրաֆիկի, նստելավարձ էլ չկա։ Ինչ ասեմ՝ կարիերայի ուժեղ առաջխաղացում է։
Քո հումորի զգացումն ու միտքը այնքան սուր էին, որ իշխանությունները որոշել են քեզ հեռացնել շուկայից՝ տես է, ինչ անարդար մրցակցություն է։ Քո ու Նարեկի պոդկաստի պատճառով իրենց մոտ չի ստացվում պոպուլյար դարձնել սեփական կեղծ մարգարեներին։
Նրանք ամեն օր կատակերգություն ու թատերական շոուներ են ստեղծում, բայց բեմադրիչների վրա չի կարելի ծիծաղել։ Երկակի չափանիշներ, ինչպես միշտ։ Նրանք մենաշնորհ ունեն աբսուրդի վրա, իսկ դու ու Նարեկը խախտում եք իրենց խաղի կանոնները։ Սեփական էժան բեմադրությունների ու ցածրորակ պոդկաստների լսարան ոչ մի ձև չեն կարողանում ավելացնել, դրա համար էլ ծայրահեղ միջոցի են գնացել՝ դե որ մենք չենք կարողանում, ձեզ էլ թույլ չենք տա։
Շնորհավորում եմ. դուք այնքան վտանգավոր եք ռեժիմի համար, որ ձեզ մեկուսացնելու համար պետական գումար են ծախսում, մի ամբողջ համակարգ բանացնում։ Սա ձեր ուժի լավագույն ճանաչումն ու խոստովանությունն է։
Ապրես, որ նույնիսկ այս պայմաններում մնում ես նույն սարկաստիկ հումորով, ուժեղ և անկեղծ Վազգենը։ Մենք բոլորս հիշում ու սիրում ենք քեզ, ու իհարկե՝ սպասում ենք քեզ։ Շնորհավոր ծնունդդ, ընկեր»:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ականները մուտք են գործել Սամսոնյանի և Սաղաթելյանի բնակարաններ խուզարկության համար և ձերբակալել նրանց։ Ավելի ուշ խուզարկություն է կատարվել AntiFake.am-ի գրասենյակում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան, բարձրախոսներն ու անգամ դրանց եռոտանիները։ Խուզարկությունից հետո ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը (ով անազատության մեջ գտնվելուց գրեթե 60 ժամ անց ազատ է արձակվել): Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան իր տան բակից ձերբակալվել է կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը (ով անազատության մեջ գտնվելուց մի քանի ժամ անց ազատ է արձակվել):
Նշենք՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են Ալեն Սիմոնյանի բողոքի հիման վրա, «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ Ալեն Սիմոնյանի քաղաքական գործունեությանը գնահատականներ տալու համար։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի համար դատարանը որպես խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը։
Աղբյուր՝ AntiFake.am