Ռոմանտի՛կ Լենա, ձեր իշխանության օրոք գերեզմաններն էլ խաղաղ չեն

article-image

ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մարտի 26-ին մասնակցեց «Երիտասարդ կանանց խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառմանը։ Խորհրդարանի փոխխոսնակը հանդես է եկել ելույթով։

Հայտնի խոսք կա. «Խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի»: Նման տրամաբանությամբ էլ տարիներ շարունակ` կարևորելով և առաջնահերթ համարելով Արցախի և Հայաստանի սահմանների անվտանգությունը` իշխանությունները առաջ են շարժվել` քայլ առ քայլ զարգացնելով և հզորացնելով Հայկական բանակը և կայունություն բերելով Հայաստանի անվտանգային միջավայրին:

Նրանց հաջողվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հասնել նրան, որ ցանկացած հնարավոր բախման դեպքում միջազգային հանրությունը միանգամից կքննադատեր Ադրբեջանին` հերթական ագրեսիան ձեռնարկելու համար:

Այնինչ 2018 թվականից այդ քաղաքականությունը փոխվեց. սկսվեց քարոզչությունը` «խաղաղության, հաշտության, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու» մասին:

44-օրյա ավերիչ ու կործանարար պատերազմում Հայաստանին պարտության տարած իշխանության բարձրաստիճան պաշտոնյան նշում է` հազարավոր մարդկանց, այդ թվում` իր կյանքը այլևս երբեք առաջվանը չի լինի:

ԱԺ փոխխոսնակը ճիշտ է. պատերազմում ավելի քան 5000 զինվորների նահատակությունը, տարածքների հանձնումը երբեք դուրս չեն գա հազարավոր սևազգեստ մայրերի մտքերից, հանրությունը երբեք չի մոռանա այն, ինչի հանգեցրին իշխանությունների գործողությունները ընդամենը երեք տարում:

Ինչպես հայտնի շրջանակներից դուրս եկած դասական (նախկին և ներկա) քարոզիչ` Լենա Նազարյանը խոսում է խաղաղությունից:

«Ես հիմա լսում եմ, որ մարդիկ բարձրաձայն ասում են, որ ուզում են խաղաղություն: Այսօր մեր առօրյայում, լինի մաղթանք, հույս, թե ապագայի սպասում, կապված է խաղաղ կյանքի երազանքի հետ, մինչդեռ նախկինում այդպես չի եղել: Նախկինում մարդիկ լուռ են բողոքել պատերազմի դեմ, և այդ բողոքի արտահայտման ձևը եղել է արտագաղթը: Հայտնի ճշմարտություն է, որ հազարավոր մարդիկ անձայն հեռացել են երկրից, երբ նրանց որդիները դարձել են դեռահաս: Սա խաղաղության բացակայության դեմ ամենամասսայական, ամենաճարահատյալ և անձայն բողոքն է, որին մենք ականատես ենք եղել վերջին երկու տասնամյակում: Ինչու՞ էր այդ բողոքը լուռ: Որովհետև մեր հանրության մեջ երկար տարիներ խաղաղության մասին խոսողներին վիրավորական իմաստով անվանում էին` «ռոմանտիկներ»: «Պացիֆիստներ» պիտակն էին կպցնում` խաղաղության խոսքը և պահանջը նույնականացնելով պարտվողականության, թուլության և հարմարվողականության հետ»:

Հետաքրքիր է` ռոմանտիկ ու պացիֆիստ (ինչ իմաստով կամ առոգանությամբ էլ որ սրանք ասվեն ու ընկալվեն) Լենա Նազարյանին չի՞ հուզում, թե ինչու են հատկապես այսօր մարդիկ երազում խաղաղ կյանքի մասին, իսկ նախկինում այդպես չի եղել: ԱԺ փոխխոսնակը նեղվել է այն արտահայտությունից, թե ինչու են նախկինում ասել` խաղաղություն եք ուզում` գնացեք գերեզմաններ, այնտեղ խաղաղ է:

Մինչև վերջին պատերազմը Եռաբլուրում երևի խաղաղ էր, որովհետև այն գիտակցումը, որ հայ զինվորները և նվիրյալ ազատամարտիկները զոհվել են հանուն հայրենիքի, որը կա և պաշտպանված է, կար, և սգավոր մայրերը նույնպես վստահ էին, որ իրենց որդիների արյամբ ձեռք բերված ու պահվող հայրենիքը ապահով ձեռքերում է:

Իսկ ի՞նչ է կատարվում այսօր Եռաբլուրում. որդուն, ամուսնուն, հորը կորցրած կինը ողբում է իր հարազատի կորուստը և անիծում այն իշխանությանը, որը եկավ իշխանության հե՛նց «խաղաղասիրական» լոզունգներով: Ի՞նչ ունի այսօր նա հպարտանալու. որդու արյամբ պաշտպանած հայրենիք, որը Լենա Նազարյանի իշխանությունը հանձնե՞լ է:

Տարբեր ոլորտներում բազմիցս իր անգիտությունը ցուցադրած Լենա Նազարյանը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններից` դարձյալ անհիմն պնդումներ անելով: Սակայն ուշագրավը Նազարյանի ելույթի հետևյալ հատվածն է.

«Կար ձևավորված պատկերացում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին փորձագիտական մակարդակում տիրապետում էին և պետք է տիրապետեն ընդամենը մի քանի հոգի: Մյուսները օտարված էին իրազեկվելու, քննարկելու հնարավորությունից: Այդպես չպետք է լինի: Հակամարտության շուրջ մտածելու, առաջակելու մենաշնորհը պետք է կոտրվի: Հանրությունը չպետք է օտարված լինի բանակցային բովանդակությունից, և մենք` բոլորս, պետք է ողջունենք և խրախուսենք հակամարտության լուծումների մասին խոսակցության հարթակների ստեղծումը»:

Կարելի է պատասխանել դասական դարձած արտահայտությամբ. «իրո՞ք»:

Նազարյանին պետք է հիշեցնել իր քաղաքական թիմի առաջնորդի խոսքերը, երբ գալով իշխանության` Հանրապետության հրապարակում ասում էր. «Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»:

Այնինչ, մինչև 2020թ. սեպտեմբերյան 44-օրյա պատերազմը մենք ականատեսը եղանք կուլիսային և վերալակային բանակցությունների, գաղտնի քննարկումների, հրապարակային խայտառակությունների դեպքերի: Հանրությունը այդպես էլ չիմացավ, թե ինչ ընթացքում են գտնվում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները, ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի զրոյական կետը, և հնարավորություն չունեցավ` որոշելու բանակցությունների ընթացքը: Հիմա հարցը. ո՞ր իշխանությունն էր գաղտնի պահում բանակցությունների ընթացքը, կամ ու՞մ օրոք էր հանրությունը օտարված բանակցություններից:

Պատերազմից հետո զոհված զինծառայողների հարազատներին աներեսաբար այցելող Աննա Հակոբյանին հնազանդորեն ուղեկցող Լենա Նազարյանը իր ելույթում նշում է. «Հաճախ ասում են` խաղաղությունը երկկողմանի է լինում: Այո՛: Բայց եկեք նկատենք, որ այդ երկու կողմերից մի կողմն էլ, ի վերջո, մենք ենք, և մեր խոսքը կարող է անկախ ու տարբեր լինել մյուս կողմից ատելության ու թշնամանքի քարոզից: … Չատել` չի նշանակում պարտվել: Չատել` չի նշանակում թույլ լինել»:

Նազարյանը պարտվողական հոգեբանությամբ դեռ շարունակում է խաղաղասիրական հայտարարություններ անել այն դեպքում, երբ ադրբեջանական հայատյաց պետական քաղաքականությունը այսօր գտնվում է իր պիկին, շարունակվում են հայկական մշակութային ժառանգության պղծումն ու հիմնովին ոչնչացումը, սակայն ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը կոչ է անում «չատել»:

Լենա Նազարյան գործիչը դասվում է այն գործիչների շարքին, որոնք, տարիներ շարունակ օտարերկրյա ֆոնդերից ֆինանսավորում ստանալով, շարունակաբար խաղաղություն են քարոզել Հայաստանում` «5-րդ շարասյուն» դառնալով Հայոց բանակի թիկունքին: Եվ հենց Լենա Նազարյանն է, որ մինչև կյանքի վերջը պատասխանատու է ոչ թե «խաղաղության իր մայրական պահանջը ներկայացնելու», այլ պատերազմում հազարավոր կյանքեր զոհելու, հայրենիքը հանձնելու և երկիրը շարունակական թուլացման ու կործանման տանելու համար:

Գերեզմանները խաղաղ չեն, Լենա Նազարյան: Գերեզմանները պատասխան են պահանջում:

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն