Պատերազմի մասին ահազանգող հունական պարբերականն ու ԱԽՔ-ի անհիմն պոռթկումը

article-image

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր վերջին հարցազրույցներում փորձում է հերքել հունական «Greek City Times» պարբերականի հոդվածը` կապված Ադրբեջանի նոր ագրեսիայի հնարավորության հետ:

Այս հոդվածի մասին ԱԽՔ-ը խոսել է և՛ «Սիվիլնեթ»-ի, և՛ Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցներում:

Իսկ ինչի մասին էր հունական պարբերականի հայտնի ու քննարկված հերթական հոդվածը:

Դեռևս 2020թ. սեպտեմբերի 25-ին պարբերականը գրել էր, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան` Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիային ընդառաջ: Հոդվածի հեղինակը, տարբեր աղբյուրների հղում անելով, նշում է, որ որոշակի գումարի դիմաց Թուրքիան ահաբեկիչների և վարձկանների է տեղափոխում Ադրբեջան` Հայաստանի հետ լարվածության աճի ֆոնին:

Սակայն այս հոդվածը ջանասիրաբար հերքվեց իշխող շրջանակների կողմից: Ավելին` նրանք ընդդիմադիր գործիչներին մեղադրեցին խուճապ տարածելու մեջ:

Սակայն հոդվածի հրապարակումից ընդամենը 2 օր անց պարբերականի կանխատեսումը իրականացավ: Թուրքիայի ակտիվ օժանդակությամբ և ուղղակի միջամտությամբ Ադրբեջան տեղափոխված վարձկան զինյալների, ահաբեկիչների ներգրավմամբ պատերազմ սանձազերծվեց Արցախի Հանրապետության դեմ:

Արդեն իսկ վերջին օրերին իշխանական գործիչները ակտիվորեն լծվել են` հերքելու պարբերականի արդեն երկրորդ հոդվածը, որի առաջամարտիկը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է: Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում վերջինս նշում է, որ հոդվածի հեղինակները կապ ունեն «Դեմիրճյան փողոցի ընդդիմադիրների» հետ և տարածվում են տեղական մամուլում վերջիններիս միջոցով:

«Greek City Times» պարբերականի երկրորդ հոդվածում, որը հրապարակվել է այս տարվա մարտի 11-ին, հեղինակը քննարկում է` արդյո՞ք Ադրբեջանը նոր պատերազմի պատրաստվում Հայաստանի դեմ: Նա նշում է, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կներխուժի Հայաստան:

«Ադրբեջանը պատրաստվում է Սյունիքի մարզի դեմ նոր ռազմական գործողության, թուրքական Boeing 737AEW&C վաղ նախազգուշական և վերահսկիչ ինքնաթիռը շրջում էր Հայաստանի հետ սահմանի մոտ: Սա նույն «CENAH01» ծածկագրով ինքնաթիռն է, որն օգտագործվել է անցյալ տարվա պատերազմի առաջին օրերին: Կան տեղեկություններ նաև այն մասին, որ Ադրբեջանը պահեստազորին է կանչում, մինչդեռ միաժամանակ թուրք և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել Հայաստանի սահմանի մոտ»,- նշվում է հոդվածում:

Նման իրավիճակում պետք է նայել տարածաշրջանում իրականացվող քայլերին և գնահատել ռիսկերը:

Ճիշտ է, ռազմական տարբեր փորձագետներ նշում են, որ պատերազմի վերսկսման հավանականությունը մոտակա ժամանակահատվածում այդքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ, Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում են հավանական պատերազմական գործողություններին:  

Մասնավորապես, պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց` 2021թ. փետրվարին, Կարսում տեղի էին ունեցել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, իսկ արդեն մարտին հրամանատարաշտաբային համատեղ վարժանքներ անցկացվեցին:

Ավելին, այս ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան հանդես են գալիս առավելապաշտական հայտարարություններով, իսկ Իլհամ Ալիևը խոսում է Զանգեզուրի գրավման մասին: Իսկ մշակութային ցեղասպանությունը շարունակվում է նոր թափով:

Նման դեպքերում` թե ինչ պետք է անեն իշխանությունները, առավել քան պարզ է և հասկանալի: Սակայն ներկայիս կառավարությունը ոչ միայն չի պայքաում ադրբեջանական շարունակական հայատյացության դեմ և պատասխանում Բաքվից հնչող սպառնալիքներին, այլև նոր մոտեցումների և դիտանկյունների փոփոխման մասին են խոսում: Սակայն այսօր Արմեն Գրիգորյանը հունական պարբերականի հերթական վերլուծությունը փորձում է բարդել Հայաստանի ընդդիմադիր գործիչների վրա` հայտարարելով, թե վերջիններս են դրա հեղինակները:

Կարելի է հիշել այն իրավիճակը, որը ստեղծվել էր 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին օրերին և Հայաստանում քաղաքական անկայունության շրջանում Ադրբեջանին հաջողվել էր բարելավել իր դիրքերը Նախիջևանի հատվածում: ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը ապացույցներ էր հրապարակել Նախիջևանում կատարված տեղաշարժերի մասին, որի համար հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Ինչպես կարող էինք համոզվել, իշխանությունները կա՛մ լուրջ չէին վերաբերվում, կա՛մ էլ արդեն իսկ կային որոշակի պայմանավորվածություններ, ինչպես հիմա է: Այս մասին 44-օրյա պատերազմից հետո հրավիրված ասուլիսում խոսել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Այդ օրերին էլ իշխանությունները դարձյալ մեղադրում էին ընդդիմադիրներին խուճապ տարածելու մեջ, սակայն ինչպես վերջում պարզ դարձավ, անհանգստությունը տեղին էր:

Թե ինչու է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այդպես ջանասիրաբար յուրաքանչյուր հարցազրույցի ընթացքում հաղորդավարների հետ համատեղ փորձում հերքել այդ հոդվածը, զարմանալի չէ: Միգուցե նոր պայմանավորվածություններ և «բանավոր փոխըմբռնումնե՞ր» կան Արցախի Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների նման արդեն իսկ ՀՀ տարածքի որոշ հատվածի զիջման վերաբերյալ: 
 

Աղբյուր` AntiFake.am 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն