
Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում Լիլիթ Մակունցը պատասխանել է Թուրքիան «բարեկամական պետություն» համարելու լրագրողների հարցերին, որոնք առաջ էին եկել վերջինիս գործընկերների հայտարարություններից:
Արդեն մի քանի օր է` իշխանական գործիչները ակտիվորեն քարոզում են Թուրքիան թշնամական չհամարելու, վերջինիս հետ հարաբերություններ կառուցելու գաղափարները, որոնք էլ Հայաստանը պատերազմում պարտության տարած իշխանությանը անխնա քննադատության են արժանացրել:
Մակունցը նշում է, որ իր գործընկերների կողմից «բարեկամական» բառը չի օգտագործվել: Նման անհաջող մանիպուլյացիան իշխող խմբակցության ղեկավարի կողմից անտեղին է, քանի որ վերջինիս իշխանական գործընկերները խոսում են ոչ միայն Թուրքիան որպես «ոչ թշնամական» ընկալելու, այլ նաև Հայաստանի «կառուցողական» լինելու անհրաժեշտության մասին:
Այնուամենայնիվ, Մակունցը իր հերթին խնդրահարույց արտահայտություն հնչեցրեց. «Թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ»:
Հակասելով ինքն իրեն` Մակունցը, այդուհանդերձ, դեմ չէ Թուրքիայի հետ «հարաբերությունների հաստատման մասին» մտածելուն, ինչն էլ նրան նույնականացնում է իր գործընկերների հետ:
Աղբյուր` AntiFake.am