ՍԴ անդամներին և նախագահին հեռացնելու նախագծերը հակասահմանադրական են. ո՞րն է իշխանության իրական նպատակը

article-image

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հունվարի 30֊ին պաշտոնապես շրջանառության մեջ դրեց «Սահմանադրական դատարանի» մասին ՀՀ սահմադրական օրենքում, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը, ըստ իր ֆեյսբուքյան հրապարակման, ուղղված է սահմանադրական բարեփոխումների գործընթացը Սահմանադրությանը համապատասխանեցնելուն։ Սակայն ո՞րն է այս փոփոխությունների իրական մոտիվացիան, և արդյո՞ք դրանք տեղավորվում են իրական իրավական գործընթացների տրամաբանության մեջ, մեկ բառով ասած՝ օրինակա՞ն են, թե՞ ոչ, և ի՞նչ առնչություն ունեն այդ փոփոխությունները ԵԽԽՎ Հայաստանի մոնիթորինգի համազեկուցողների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության վերաբերյալ զեկույցի հետ։

Օրենսդրական փաթեթում, մասնավորապես` ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում ներառված առանցքային լրացումներն ու փոփոխություններն են.

Հոդված 5. Ազգային ժողովի նախագահը

4) Հանրապետության նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները, օրենքները, ինչպես նաև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումները

4.2) Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում hրապարակում է Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները

Ինչպես երևում է, վերոնշյալ փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև սույն օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով հանվում է Հանրապետության նախագահի՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու և հրապարակելու պարտականությունը` այդ գործառույթը վերապահելով  ԱԺ նախագահին, հնարավորություն  տալով նրան շուտափույթ կերպով ստորագրել և հրապարակել սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Հոդված 86. Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման և ընդունման կարգը

2. Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչև Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը:

2.1 Եթե որոշումը չի ընդունվում, ապա հարցի քննարկումը շարունակվում է և Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվում է քվեարկության հետևյալ կարգով.

1) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի

որոշման նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.

2) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

7. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն:

Վերոնշյալ ընդգծված դրույթները հակասության մեջ են Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության հետ, քանի որ Սահմանադրությունը ուղղակիորեն սահմանում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ կողմից Սահմանադրական դատարան ուղարկելու պարտավորությունը:  

Հոդված 169. Սահմանադրական դատարան դիմելը

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:

Հոդված 168. Սահմանադրական դատարանի լիազորությունները

2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը:

Այս մասին իրենց դիրքորոշումներն են հայտնում իրավաբան, սահմանադրագետ մասնագետները ինչպիսիք են՝ Գոռ Հովհաննիսյանը, ԲԴԽ նախկին նախագահ Գևորգ Դանիելյանը:  Մասնավորապես, Գոռ Հովհաննիսյանը գրում է. «Եթե պետությունը փոփոխի Սահմանադրությունը առանց ՍԴ-ում նախապես ստուգել տալու այդ փոփոխությունների սահմանադրականությունը (էս դեպքում համապատասխանությունը միայն անփոփոխելի դրույթներին), ապա այդ փոփոխությունների հակասահմանադրականության դեպքում կրկին կհայտնվի վերին աստիճանի հիմար վիճակում։ Այդ հակասահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահից կդառնան գործող սահմանադրական իրավունք, որոնցով կաշկանդված կլինեն բոլոր պետական մարմինները։ Արդյունքում կունենանք հակասահմանադրական սահմանադրական իրավունք»:

Մասնագիտական հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած օրենսդրական փաթեթի նախագծի մասին գրառումներ են կատարել նաև փաստաբաններ Ամրամ Մակինյանը, Միհրան Պողոսյանը։ Մասնավորապես, Միհրան Պողոսյանը գրել է. «Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը»։

Վերլուծելով իշխանական պատգամավորի օրենսդրական փաթեթի նախագծով առաջարկվող փոփոխություններն և լրացումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ մասնագիտական շրջանակների հայտնած կարծիքները` կարող ենք եզրակացնել, որ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները չեն տեղավորվում իրավական պետության տրամաբանության մեջ, այսինքն` հակասահմանադրական են և բացառապես նեղ քաղաքական բնույթ են կրում` հանդիսանալով Սահմանադրական դատարանի և, առհասարակ, դատական իշխանության դեմ իրականացվող քաղաքական տեռորի տրամաբանական շարունակություն։

Հենց դրանով է պայմանավորված իշխանությունների մտավախությունը, որ ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի իրենց իսկ վերաբերող սահմանադրական փոփոխությունները։ Իշխանությունների համար Սահմանադրական դատարանի հարցը այնքանով է կարևոր և հրատապ, որ անտեսելով նույնիսկ ԵԽԽՎ Հայաստանին ուղղված ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու կամավորության և իշխանությունների տարանջատման, ինչպես նաև անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտումների վերաբերյալ դիտարկումները` իշխանությունները փորձում են ամեն կերպ ավարտին հասցնել Սահմանադրական դատարանը ուզուրպացնելու գործընթացը։

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն