(VIDEO) «Փող քերելը հո պոզով-պոչով չի լինում». Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան բիզնեսի ազատության մասին

article-image

Այսօր Ազգային ժողովը հավաքվել է` հերթական անգամ վարչապետ չընտրելու որոշմամբ: Այնուամենայնիվ, վարչապետի թեկնածու/ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի հապաղում օգտվել ընձեռնված յուրաքանչյուր հնարավորությունից` ամբիոնից խոսելու և մանիպուլյացիա և ստի նոր չափաբաժին արտասանելու համար:

Այս անգամ, ի թիվս այլ հայտարարությունների` Նիկոլ Փաշինյանը խոսեց «հեղափոխության» մասնակիցների կողմից ամենաշատ ցիտված բիզնեսի «փայերի և տոկոսների» մասին:

«Բոլորը մոռացել են, որ ՀՀ տնտեսության 30 տարվա պատմության մեջ ամենաակտուալ թեմաներից մեկը «փայ մտնելու» թեման էր: Դուք 2018 թվականից հետո լսե՞լ եք, որ որևէ մեկը որևէ տեղ «փայ մտնի» որևէ բիզնեսի մե՞ջ: Դուք լսել եք, որ որևէ մեկը մտածի իր սեփականությունը իր սեփականությունը կշարունակի մնա՞լ, թե՞ ինչ-որ մեկը կգա և կասի` գիտես ինչ, էդ սեփականության 10%-ը, կամ 7%-ը, կամ 50%-ը, կամ ամբողջը իմն ա: Կա՞ այդպիսի դեպք: Որևէ մեկը էդպիսի դեպք… իհարկե` չկա»,- վստահ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:   

Հետաքրքիր է. 2018 թվականին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը սկզբնական ամիսներին շարունակաբար պնդում էր բիզնեսում «50% փայ ունենալու» մեղադրանքները: Անցել է 3 տարի, իսկ դատարանի թեկուզ մեկ որոշում չկա, որը կփաստի, որևէ մեկը ինչ-որ մեկի բիզնեսի թեկուզ 10 տոկոսի «փայատեր» լինի:

Ավելին, հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք են իշխանությունները, միջամտելով իրավապահ մարմինների աշխատանքներին, հասանելիություն ստացել բազմաթիվ անձանց բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներին: Թերևս ամենավերջին ապացույցը ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և որդու` Ռաֆիկ Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի հետ կապված տվյալների բացահայտումն էր, երբ գործի քննության ընթացքում Նիկոլ Փաշինյանի օգնականին հասանելի էին դարձել Ռաֆիկ Հայրապետյանի բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները: Ինքը` Նիկոլ Փաշինյանը, զերծ չի մնացել բանկային գաղտնիք հրապարակելուց, երբ 2018թ. օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հայտարարում էր, որ «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր անունը չեմ ուզում ասել, սակայն այստեղ ոչ հեռու գտնվող մի բանկում՝ միայն մեկ հաշվեհամարում, հայտնաբերվել է 30 մլն դոլար»: 

Արդեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրերին «Այո»-յի հիմնադրամում հանգանակված ավելի քան 205 միլիոն դրամի ճակատագիրը այդպես էլ անհայտ մնաց: 

Իսկ բազմաթիվ մեղադրանքներից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, որին մեղադրում էին բազմաթիվ բիզնեսներում «50% փայ» ունենալու մեջ, Արցախի բանակին ինքնակամ մոտ 20 միլիոն դոլար է նվիրել: Սակայն մինչ օրս Ալեքսանդր Սարգսյանի դեմ ներկայացված ոչ մի մեղադրանք դատարանի վճռով չի հաստատվել: Ուստի` կարելի է ասել, որ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի նախկին ու ներկա հայտարարությունների` որևէ մեկի բիզնեսում «փայ մտնելու» հաստատված ոչ մի դեպք չկա և չի արձանագրվել:

Նիկոլ Փաշինյանը խոսում է բիզնեսի ազատության մասին, սակայն մոռանում է, որ իշխանության ղեկը ստանալուց անմիջապես հետո սկսվեց տեռորը` մեծահարուստ օլիգարխների նկատմամբ, որոնք համապատասխան վաճարումներ ու զիջումներ անելուց հետո դարձան ուղղակի «սեփականատերեր»:

Ավելին, Փաշինյանը սկսեց համագործակցել այն գործարարների հետ, որոնց ամենախիստ քննադատության էր ենթարկում ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին` Արտակ Սարգսյան («Սասի Արտակ»), Սամվել Ալեքսանյան և այլն:

Փաշինյան ընտանիքը հետաքրքիր մեխանիզմ էր գտել տարբեր աղբյուրներից գումար գեներացնելու և հավաքելու համար: Այդ նպատակով էլ գործի դրվեցին «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամները` կնոջ` Աննա Հակոբյանի անմիջական ղեկավարությամբ: Իսկ պետությանը նվիրաբերված «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, որը համարվում էր խոշոր հարկատուներից և Հայաստանի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը, այսօր գրեթե անպիտան է դարձել շահագործման համար:

Հետաքրքիր զուգադիպությամբ Հայ եկեղեցու դեմ հակաքարոզչությունը և պրոպագանդան մեղմանում է, երբ եկեղեցին կլորիկ գումար է փոխանցում հիմնադրամ, նույնը տեղի է ունենում նաև բազմաթիվ գործարարների դեպքում: Իսկ Աննա Հակոբյանի և տարբեր գործարարների պայմանավորվածությունների մասին պարզապես լեգենդներ են պտտվում:

Ուստի Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը ևս դատարկաբանություն է. «փող քերելը հո պոզով-պոչով չի լինում»:

 

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն