Քննչական կոմիտեն մանիպուլյատիվ է ներկայացնում ընտրությունների առնչությամբ իրավախախումների դեպքերը

article-image

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել է: Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ քննչական կոմիտեն։ Հայտարարության մեջ ասվում է, որ Որոտանի գյուղապետը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով  նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Գործն առնչվում է սոցիալական օգնություն տրամադրելու խոստումներին։ Քրեական օրենսգրքով նախատեսված ընտրությունների հետ կապված իրավախախտման համար Որոտանի գյուղապետի ձերբակալության առնչությամբ հայտարարության մեջ նշվում է նաև, որ 2021թ. հուլիսի 9-ին խուզարկություններ են կատարվել Որոտանի գյուղապետի աշխատասենյակում և բնակարանում, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել են զենք, զինամթերք, որոնց ձեռքբերման և պահելու օրինականությունը ստուգվում է:

Հետաքրքիր է, որ Քննչական կոմիտեն նախընտրել է Որոտանի գյուղապետի ձերբակալության մասին տեղեկությունը լուսաբանել խուզարկության արդյունքում ձեռք բերված զենք-զինամթերքի լուսանկարներով, որոնք որևէ առնչություն չունեն ձերբակալման և կասկածանքի հետ։ Բացի այդ, դրանց ձեռքբերման և պահելու օրինականությունը դեռևս ստուգման փուլում է։

Քննչական կոմիտեն, փաստորեն, մանիպուլյատիվ է ներկայացրել ընտրությունների առնչությամբ իրավախախտման գործը և ընթերցողին մոլորության մեջ գցել՝ տպավորություն ստեղծելով, թե Որոտանի գյուղապետի ձերբակալության հիմքերն առնչություն ունեն զենք-զինամթերքի հետ։

Քննչական կոմիտեի այս գործելաոճը միտված է իրավախախտման մեջ մեղադրվող անձի բարի համբավի վրա ազդելուն և որոշակիորեն խախտում է տվյալ անձի անմեղության կանխավարկածը։

Հետաքրքիր է նաև նշված գործողության քաղաքական տեսանկյունը:

2020թ. նոյեմբերի 9-ի լույսի 10-ի գիշերը ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Սյունիքի մարզում իշխանությունների բանավոր պայմանավորվածությունների արդյունքում շատ համայնքներ բառացիորեն կիսվեցին: Թիրախում հայտնվեց նաև Որոտան համայնքը, որից 12 շինություն և գյուղատնտեսական տարածքներ հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ: Բազմաթիվ այգիներ, տներ հանձնվել են Ադրբեջանին, և փաստորեն գյուղացիներին ադրբեջանական զորքերից, որոնք արդեն իսկ հաստատվել են այդտեղ ու խրամատներ փորել, մի քանի մետր է բաժանում:

Գնալով մեծանում են Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ դարձած համայնքների բնակիչների ահազանգերը, որոնք հայտնում են գողացած ընտանի կենդանիների ու ադրբեջանական տարբեր ոտնձգությունների մասին: Թերևս հենց պաշտպանական նկատառումներով էլ պայմանավորված է խուզարկությունների արդյունքում զենք-զինամթերքի առկայությունն ու հայտնաբերումը: Նման պարագայում, երբ թշնամին Գեղարքունիքում ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք ու օկուպացրել այն, իսկ Սյունիքում այս իրավիճակն է, համայնքներին զինաթափ են անում, իսկ զենքերն էլ առգրավվում են ու անպաշտպան դարձնում մինչև ատամները զինված թշնամու անմիջական սպառնալիքի առաջ:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն