COVID-19. Կառավարությունները պետք է խրախուսեն և պաշտպանեն տեղեկատվության ազատ հոսքը պանդեպիայի ժամանակ. համաշխարհային մեդիայի ազատության փորձագետների հայտարարությունը

article-image

Ժնև, Վաշինգտոն, Վիեննա, մարտի 19, 2020թ. – COVID-19 համաճարակի պատճառով աճող խախտումների ֆոնին ՄԱԿ-ի մեդիայի և արտահայտման ազատության, Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով մշտադիտարկողները համատեղ հայտարարություն են տարածել.

«Մենք կիսում ենք ամենուրեք COVID-19-ի պատճառով մարդկանց լուրջ անհանգստությունը: Նման լարվածության պահին մենք լիովին հասկանում և աջակցում ենք հանրային առողջապահության մասնագետների և կառավարությունների ջանքերը ՝ մշակելու և կիրարկելու ռազմավարություններ՝ պաշտպանելու մարդու առողջությունն ու մարդկային կյանքը: Կշեռքի նժարին է դրվում կյանքի հիմնական և սկզբունքային իրավունքը, և կառավարությունները պարտավոր են ապահովել դրա պաշտպանությունը:

Մարդու առողջությունը կախված է ոչ միայն մատչելի բուժօգնությունից: Դա կախված է նաև սպառնալիքների բնույթի և անձի, նրա ընտանիքի և համայնքի պաշտպանության միջոցների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալուց: Արտահայտման ազատության իրավունքը, որն իր մեջ ներառում է անկախ սահմաններից բոլոր տեսակի տեղեկատվություն և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունք ցանկացած լրատվամիջոցի միջոցով, վերաբերում է բոլորին և կիրառվում է ամենուր, և կարող է ենթարկվել միայն նեղ սահմանափակումների: Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում անել հետևյալը.

Առաջին, անհրաժեշտ է, որ կառավարությունները հավաստի տեղեկատվություն տրամադրեն սպառնալիքի բնույթի մասին, որը ներկայացնում է իրենից կորոնավիրուսը: Կառավարությունները ամենուրեք պարտավոր են, համաձայն մարդու իրավունքների մասին օրենսդրության, տրամադրել հուսալի տեղեկատվություն մատչելի ձևաչափերով բոլորի համար՝ հատուկ  ուշադրություն դարձնելով սահմանափակ ինտերնետ հասանելիություն կամ սահմանափակ կարողությունների պատճառով դժվար հասանելիություն ունեցող անձանց տեղեկատվության ապահովմանը:

Երկրորդ, ճգնաժամային իրավիճակում ինտերնետ հասանելիությունը խիստ էական է: Անհրաժեշտ է, որ կառավարությունները ձեռնպահ մնան ինտերնետ հասանելիության արգելափակումից, այն իրավիճակներում, երբ ինտերնետն արգելափակված է, կառավարությունները, որպես առաջնահերթություն, պետք է արագ և հնարավոր ամենալայն ինտերնետ ծառայություններ ուղիղ մուտք ապահովեն: Հատկապես արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ տեղեկատվության հասանելիությունը վճռական նշանակություն ունի, ինտերնետ հասանելիության լայն սահմանափակումները չեն կարող արդարացվել հասարակական կարգի կամ ազգային անվտանգության հիմքերով:

Երրորդ, տեղեկատվության ստացման իրավունքը նշանակում է, որ կառավարությունները պետք է արտակարգ ջանքեր գործադրեն լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար: Լրագրությունը կարևորագույն գործառույթ է հանդիսանում հանրային առողջությանը վերաբերող արտակարգ իրավիճակների պահին, հատկապես այն դեպքերում, երբ այն նպատակ ունի հասարակությանը խիստ կարևոր տեղեկատվություն հասցնել և վերահսկել կառավարության գործողությունները: Մենք կոչ ենք անում բոլոր կառավարություններին խստորեն կիրառել տեղեկատվության ազատության մասին սեփական օրենսդրությունը՝ ապահովելու, որ բոլոր անհատները, հատկապես լրագրողները, հասանելիություն ունենան տեղեկատվությանը:

Չորրորդ, մենք կիսում ենք այն մտահոգությունը, որ համաճարակի վերաբերյալ կեղծ տեղեկատվությունը կարող է հանգեցնել առողջապահական խնդիրների, խուճապի և խառնաշփոթի։ Այս առումով կարևոր է, որպեսզի կառավարություններն ու ինտերնետային կազմակերպությունները առաջնահերթ լուծեն ապատեղեկատվության խնդիրը՝ ապահովելով վստահելի տեղեկատվությամբ։ Դա կարող է իրականացվել հասարակության հետ ամուր հաղորդակցական կապ ստեղծելով, հանրային ծառայությունների հայտարարություններին աջակցությամբ և հանրային հեռարձակմանն ու տեղական լրագրությանն արտակարգ օժանդակությամբ (օրինակ, կառավարության առողջապահական գովազդների միջոցով)։

Այլ միջոցների դիմելը, ինչպես օրինակ՝ բովանդակության սահմանափակումն ու գրաքննությունը, կարող են հանգեցնել հանրային առողջության համար կարևոր տեղեկատվության մատչելիության սահմանափակմանը, որոնք պետք է կիրառվեն միայն այն դեպքում, եթե համապատասխանում են անհրաժեշտության և համաչափության չափանիշներին։ Համաճարակին վերաբերող որևէ տեղեկատվության քրեականացումը կարող է անվստահություն ստեղծել ինստիտուցիոնալ տեղեկատվության նկատմամբ, ձգձգել հուսալի տեղեկատվությանը հասանելիությունն ու սահմանափակող ազդեցություն (chilling effect)  ունենալ արտահայտման ազատության վրա:

Հինգերորդ, մենք տեղյակ ենք վերահսկողության տեխնոլոգիայի գործիքակազմի՝ գնալով աճող կիրառության մասին՝ կորոնավիրուսի տարածմանը հետևելու առումով։ Թեև մենք հասկանում և քաջալերում ենք համաճարակի դեմ պայքարի ակտիվ ջանքերի անհրաժեշտությունը, խիստ կարևոր է նաև, որ սահմանափակվի նման գործիքների կիրառելիությունը ինչպես նպատակի, այնպես էլ ժամանակի առումով, և որ անձնական գաղտնիությունը, խտրականության արգելքը, լրագրողական աղբյուրների չբացահայտման իրավունքը և այլ ազատություններ պետք է խստորեն պաշտպանված լինեն: Պետությունները պետք է նաև պաշտպանեն պացիենտների անձնական տեղեկությունները: Մենք խստորեն կոչ  ենք անում, որ նման տեխնոլոգիայի ցանկացած կիրառություն խստորեն ենթարկվի պաշտպանության շրջանակներին, և կիրառելի լինի միայն ներպետական օրենսդրությանը համապատասխան, որը համահունչ է մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին:

Եզրափակում ենք՝ շնորհակալություն հայտնելով բժշկական և առողջապահական ոլորտի բոլոր մասնագետներին, ովքեր հիվանդների բուժման առաջնագծում են»:

Փորձագետներ՝

Դեյվիդ Կայե (David Kaye), ՄԱԿ արտահայտման և կարծիքի ազատության իրավունքի պաշտպանության և խթանման հատուկ զեկուցող

Հարլեմ Դեսիր (Harlem Désir), ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ

Էդիսոն Լանզա (Edison Lanza), Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն