Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի «փաշինյանական» վարքագիծն ու «սորոսականների» հետ կապը. ՓԱՍՏԵՐ

article-image

Մարտի 31-ին Արցախում կայանալու են Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները։

ԱՀ նախագահի առանցքային թեկնածուներից Մասիս Մայիլյանը վերջին շրջանում գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, իսկ նրա անվան շուրջ տարատեսակ խոսակցություններ են պտտվում։ Մասնավորապես, շրջանառվում է այն թեզը, որ Մայիլյանը Արցախի նախագահական ընտրություններում հանդիսանում է Փաշինյանի թեկնածուն, ինչպես նաև կապ ունի «սորոսականների» հետ։

AntiFake.am-ը ուսումնասիրել է Մայիլյանի անվան շուրջ պտտվող այս երկու թեզերը և եկել որոշակի եզրահանգումների, որոնք ներկայացնում ենք ստորև։

Մասիս Մայիլյան - Նիկոլ Փաշինյան կապը

Մայիլյանի նախագահության քարոզարշավի ուսումնասիրություններից տպավորություն է ստեղծվում, որ նա մանրակրկտորեն ուսումնասիրել է Փաշինյանի պոպուլիստական ելույթներն ու քայլերը և դրա հիման վրա կառուցել սեփական նախընտրական քարոզարշավը։ Այսպես, այն դաշինքը, որով հանդես է գալիս Մայիլյանը, կոչվում է «Նոր Արցախ» դաշինք, ինչը Փաշինյանի «Նոր Հայաստան»-ի չակերտավոր շարունակությունն է։

Բացի այդ, քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում Փաշինյանի նման մշտապես «ժողովրդին» ցիտող Մայիլյանը նաև հաճախ տառացիորեն կրկնում է «նախկինների», «կոռուպցիոներների», «հների ու նորերի», «հին համակարգի», «կրիմինալի», «ժողովրդին թալանելու» և այլնի վերաբերյալ Փաշինյանի մտքերը։ Մասնավորապես, Մայիլյանը ասել է.

«Միշտ նորը պետք է գա փոխարինի  հնին, և այդ նորը մեր տեսքով է․․․»։
«Մենք նաև տեսնում ենք, որ հին համակարգը փորձում է դիմադրել, հիմա արդեն կրիմինալ էլեմենտներին են գործի մեջ գցել և տարբեր ճնշումներ են փորձում անել, բայց դա չի աշխատելու, որովհետև ժողովրդի ալիքի դեմ ոչ ոք ոչ մի բան անել չեն կարողանալու․․․»։
«Հատուկ հանձնաժողով է ստեղծվելու բոլոր կոռուպցիոն սխեմաները բացահայտելու և այն մարդկանց պատժելու, որոնք ժողովրդին թալանել են, և այդ թալանվածը անպայման պետք է վերադարձվի ժողովրդին․․․»։


Բացի «փաշինյանական» մտքեր հայտնելուց` Մայիլյանը նաև կրկնօրինակում է Փաշինյանի ուղիղ եթերների «ոճը»։ Նա էլ Փաշինյանի նման ուղիղ եթերներ է հեռարձակում և պատասխանում քաղաքացիների մեկնաբանություններում գրված հարցերին։
 


 

Մայիլյանը նաև ներկա  է եղել  ԱՀ նախագահի թեկնածուների մի մասի՝ Փաշինյանի հետ հանդիպմանը, որին ներկա չեն եղել Հայաստանի ներկայիս իշխանության համար ոչ իշխանահաճո և ՀՀ իշխանություններին քննադատող ուժերն ու ներկայացուցիչները, ինչպես, օրինակ` Վիտալի Բալասանյանը։

Բերված օրինակները նվազագույն ապացույցն են այն բանի, որ Մայիլյանը իր քաղաքական գործունեությունը սկսել է ծավալել «փաշինյանական տրամաբանության մեջ», ուստի ինչու ոչ, ՀՀ ներկայիս իշխանությունը դեմ չէր լինի Արցախի նախագահի կարգավիճակում տեսնել իրենց «տեսակետները» կիսող գործչի։  
 


 

Այս ամենը չի նշանակում, որ Փաշինյանն իր աջակցությունը չի հայտնի իշխանահաճո մյուս թեկնածուներին։

Մասիս Մայիլյան - «սորոսականներ» կապը

AntiFake.am-ը նաև ուսումնասիրել է Մայիլյանի հնարավոր կապը «սորոսականների» հետ։ Նախ նշենք, որ Արցախում կայանալիք առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելություն կատարող կառույցներից մեկը Դանիել Իոաննիսյանի կողմից համակարգվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունն է, որի հիմնական դոնորը, ինչպես հայտնի է, «Բաց հասարակության» կամ «Սորոսի» հիմնադրամն է, որից վերը նշված ՀԿ-ն ստացել է ավելի քան 420․000 դոլարի դրամաշնորհներ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, որը անցած տարի Արցախում սկսեց գործունեություն ծավալել և Ստեփանակերտում գրասենյակ բացեց, ներկայումս ակտիվորեն զբաղված է Արցախի նախագահական ընտրությունների վերաբերյալ տարբեր տեղեկությունների լուսաբանմամբ, որոնք հիմնականում արվում են տարատեսակ տեսանյութերի թողարկման կամ պաստառների միջոցով, որոնք հաճախակի հայտնվում են Մայիլյանի աջակիցների սոցցանցերի էջերում և խմբերում, ինչը նշանակում է, որ Մայիլյանի աջակիցները վստահում և աջակցում են Իոաննիսյանի ՀԿ-ին։ Ստորև ներկայացնում ենք ասվածի մի քանի օրինակ։
 

 



 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Դանիել Իոաննիսյանի նյութերը նաև ակտիվորեն տարածում է Մասիս Մայիլյանի դուստրը՝ Ասպրամ Մայիլյանը։
 


Բացի այդ, դեռևս անցած տարի Մայիլյանը ընդունել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Մայիլյանին ներկայացվել էին Արցախում նախատեսվող ծրագրերը։
 


Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Մայիլյանի աջակիցները սոցցանցերի իրենց էջերում և խմբերում րոպեների տարբերությամբ ակտիվորեն նաև տարածում են վարչապետ Փաշինյանի՝ սորոսականներին աջակցող մտքերը։ 
 


 

Նշենք նաև, որ հայտնի «սորոսական» շրջանակաները ակտիվ շփում ունեն Մայիլյանի հետ։ Նրանց շարքում են Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող Փաշինյանի նախկին խորհրդականը՝ Արսեն Խառատյանը և հայտնի «սորոսականների» ընկեր Գեղամ Բաղդասարյանը, ով ակտիվորեն զբաղված է Մայիլյանի նախընտրական քարոզչությամբ: Գեղամ Բաղդասարյանը նույնպես ֆինանսավորվում է «Սորոսի» հիմնադրամի կողմից։ Ասվածի ապացույցները ներկայացնում ենք ստորև։
 


 

Գեղամ Բաղդասարյանը և «Սորոսի» հիմնադրամից ֆինանսավորվող Լևոն Բարսեղյանը.


 

Գեղամ Բաղդասարյանը և «Սորոսի» հիմնադրամից ֆինանսավորվող Թաթուլ Հակոբյանը.


 

Գեղամ Բաղդասարյանը և «Սորոսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանը.


Վերը ասված մտքերը ամփոփելով` կարող ենք եզրակացնել, որ Փաշինյանը դեմ չէր լինի իր «տրամաբանությամբ» շարժվող գործչին տեսնել ԱՀ նախագահի պաշտոնում, և չնայած այն հանգամանքին, որ Մասիս Մայիլյանը նշում է, թե ԶԼՄ-ները ուղղորդված կեղծ լուրեր են տարածում նրա ու Սորոսի հիմնադրամի կապի վերաբերյալ, վերը թվարկված օրինակները նվազագույն ապացույցն են այն բանի, որ Մայիլյան - «սորոսականներ» կապ,այնուամենայնիվ, կա. Մայիլյանի աջակիցների շարքերում առկա են «սորոսականների» աջակիցներ և «սորոսականներ», որոնց մի մասը զբաղված է վերջինիս քարոզչությամբ, իսկ թե ինչ գաղափարներ ունեն սորոսականները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և ինչպես են պատկերացնում հարցի լուծումը, հայտնի է բոլորին։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն