COVID-19: Արտակարգ դրություն. օր 12

article-image

Հայաստանի Հանրապետությունը, արդեն 12 օր է՝ գտնվում է արտակարգ դրության մեջ՝ իր բոլոր արտակարգ հանգամանքներով: AntiFake.am-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը և ամփոփ իր ընթերցողներին է ներկայացնում մարտի 27-ի իրադարձությունները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 329-ի, 28 քաղաքացի բուժվել է, 300 քաղաքացի գտնվում է բուժման մեջ: Գրանցվել է կորոնավիրուսով մահացության առաջին դեպքը. պացիենտը 72 տարեկան էր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 «ՈՒնենք մեկ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի, չկա ոչ լավացում, ոչ վատթարացում: Ունենք մեկ ծանր քաղաքացի, մնացածի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

ՀՀ ԱՆ հիվանդություների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի:

Ըստ այդմ՝ ամենամեծ թվով հիվանդները Երևանում են՝ 151 վարակված։ Երևանին հաջորդում է Կոտայքի մարզը, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսի 57 դեպք, այնուհետև Արարատի մարզն է՝ 56 դեպք, Շիրակի մարզում՝ 5, Լոռիում և Սյունիքում՝ երկուական դեպք։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, մանրամասներ հայտնելով կորոնավիրուսով վարակված զինծառայողների առողջական վիճակիվերաբերյալ:

«Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում:

Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողները հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին։

Ընդհանուր հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։

Զինծառայողների հետ սերտ շփում ունեցածները շարունակում են մնալ մեկուսացված հատուկ առանձնացված տարածքում, որն ապահովված է կենցաղային անհրաժեշտ պայմաններով լիարժեք մեկուսացման համար։ Մեկուսացված զինծառայողներին մատուցվում է բարձրակարգ սնունդ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ անհրաժեշտության, պարբերաբար տեղեկություններ կտրամադրի զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման և տարածման դեմ տարվող պայքարի և և ընթացիկ վիճակագրության մասին։

Հորդորում ենք հետևել միմիայն պաշտոնական տեղեկատվությանը։ Զինված ուժերում արվում է առավելագույնը վիրուսի դեմ պայքարելու համար»։

«Եթե մինչ այս պահը իրականացվել են ըստ անհրաժեշտության, վաղը առավոտյան ժամը 6-ից ԱԻՆ  փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից ողջ հանրապետության հանրային տարածքներում, մասնավորապես կանգառներում իմպերատիվ, օրը երկու անգամ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ»: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։ Այդ մասին տեղեկացրել է պարետ Տիգրան Ավինյանը:

«Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։

Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես այս որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանման պայմանով։ Խախտումների դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել։

Սահմանել ենք նաև կուտակումների բացառման, հաճախորդներին դիմակներով սպասարկելու, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների անվտանգության ապահովման ու այլ պահանջներ։

Խնդրում եմ եղեք զգոն ու աչալուրջ՝ հանուն բոլորիս առողջության և անվտանգության»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը