COVID-19: Արտակարգ դրություն. օր 13

article-image

Հայաստանի Հանրապետությունը, արդեն 13 օր է, գտնվում է արտակարգ դրության մեջ՝ իր բոլոր արտակարգ հանգամանքներով: AntiFake.am-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը և ամփոփ իր ընթերցողներին է ներկայացնում մարտի 28-ի իրադարձությունները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 407-ի: Բուժվածների թիվը 30 է, մահվան ելքերը՝ 1: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարված է։ Մենք, ցավոք սրտի, հիվանդների աճ ենք ունենում։ Այսօր էլ 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իրավիճակը համարվում է կառավարելի, և մենք պետք է իսկապես այս մեկ շաբաթը հնարավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածումը և իհարկե մեր առողջապահական համակարգն անտանելի ծանրաբեռնվածության չենթարկենք»,- ասաց վարչապետը։

ՀՀ ԱՆ հիվանդություների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է նաև ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի:

 Կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակի մասին մանրամասներ է ներկայացրել ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Թարմացում, 28.03.2020, 19:30-ի դրությամբ

Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։

Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։

Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30»։

Ոստիկաններին ցուցում է տրվել, տեղաշարժման թերթիկը և անձնագիրն ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն, որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք:

Ասեմ նաև, որ ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է https://ac19.am/app/mobility հղումով: Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը:

Բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից՝ կարող եք օգտվել նաև մեր ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը»:

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Այդ մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։

Արձանագրված հիմնական խախտումներն են՝

  • Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,
  • Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
  • Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ։ Խախտվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր եւս։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով»:

Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը ասուլիսի ժամանակ մանրամասներ է ներկայացրել  արտակարգ դրության պայմանններում դեպի Արցախ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ:

«Արցախի հանրապետություն մարտի 26-ից կարող ենք գնալ այն անձինք, ովքեր Արցախի Հանրապետությունում ունեն հաշվառում, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝  բեռնատարներ՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաները պարտադիր բեռնված լինելու պարագայում: Արցախում կայանալիք ընտրությունների համար դիտորդական առաքելություն իրականացնող անձինք և լրագրողները՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Բացի դրանից՝ պաշտպանական բանակը սնուցող, մատակարարող բոլոր գործառույթներ իրականացնող կազմակերպությունները»,- ասել է Մհրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը